Արաբագետ Արմեն Պետրոսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սիրիայի հարավային ալ-Սուվեյդա նահանգում բնիկ դրուզների և Սիրիայի կառավարական ու կից բեդվինական ուժերի միջև մի քանի օր տևած բախումները, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցին՝ նաև ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերի արդյունքում։ Իսրայելի ուղիղ ռազմական միջամտությունն ստեղծված իրավիճակին կարող էր ավելի տևական դարձնել հակամարտությունը, քանի որ իսրայելական հատուկ ծառայությունները երկար ժամանակ են աշխատում Սիրիայի մասնատման և դրուզական տարածաշրջանի՝ Իսրայելին աստիճանական ինտեգրման ուղղությամբ։
Մինչդեռ հատկապես Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ներսիրիական գործընթացներին, ԱՄՆ-ի՝ նոր հակամարտություններից խուսափելու ձգտումն առայժմ սահմանափակեցին Իսրայելի հնարավորությունները։
Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա ալ-Սուվեյդայում տեղի ունեցողը շուրջ մեկ տասնամյակ ինքնակառավարվող տարածաշրջանում պետության ինքնիշխանության վերականգնմանը միտված գործողություն էր կառավարության կողմից։
Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ալ-Ասադի վարչակարգը խուսափում էր այ-Սուվեյդայի դեմ գործողություններից՝ զգուշանալով Իսրայելի հավակնություններից, հատկապես, երկրում արտաքին միջամտության համար ձևավորված բարենպաստ իրավիճակի պայմաններում։
Ուստի, թեպետ կառավարական ուժերի գործողությունը լիարժեք արդյունավետություն չունեցավ, ու կառավարական ԶՈւ-երը դուրս բերվեցին քաղաքից, բայց բացահայտ ուղերձ հղվեց Իսրայելին առ այն, որ Սիրիայի գործող կառավարության նկատմամբ առկա է տարածաշրջանային և միջազգային լայն աջակցություն, և ներկայումս Սիրիայի մասնատման սցենարի հավանականությունը միայն Իսրայել-Սիրիա խախտված ռազմական հավասարակշռությամբ և Սիրիայի ներսում եղած բազմաթիվ խնդիրներով չի պայմանավորված, այլև՝ արտաքին գործոններով։
Այնպես որ, գուցե այս պահին ալ-Սուվեյդայում իրավիճակը կառավարելի դառնա, բայց քանի դեռ աշխարհում շարունակվում է գլոբալ անորոշությունը, Իսրայելը փորձելու է պարբերաբար օրակարգ բերել Սիրիայի հարավի անեքսիայի սցենարը, ինչպես վերջին երկու տարիներին սեփական անվտանգային միջավայրի բարելավման բազմաթիվ փորձերն էին»։