Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«1967թ. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի (կառավարության) որոշմամբ Անդրկովկասյան երկաթուղու վարչությունից առանձնացվեց և ստեղծվեց Ադրբեջանի երկաթուղու վարչությունը: Հիշեք թվականը:
ՍՍՀՄ կառավարության որոշմամբ Ադրբեջանի երկաթուղու կառավարմանն է հանձնվել Մինջևան-Մեղրի հատվածը: Այսինքն, սովետական շրջանում Մեղրիի երթուղին գտնվել է ՀՍՍՀ տարածքում, բայց կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից:
Անկախ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված РЖД-ին, որ Հայաստանում ունի «Հարավկովկասյան երկաթուղիներ» դուստր-կառավարիչ:
Ես այս հարցը մի-երկու անգամ էլ եմ բարձրացրել. իրավաբանորեն ու՞մ է պատկանում «Մեղրիի երկաթգիծը»: Խոսքը տարածքի մասին չէ, այլ՝ գետնի վրայի ենթակառուցվածքին, որն իրականում գոյություն չունի, բայց սովետական տասնամյակներին կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից: Հիմա ո՞վ է կառավարիչը, «Հարավ-կովկասյան երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը տարածվում է նաև Մինջևան-Մեղրի «անցումի՞» վրա, Հայաստանը պետք է առանձին՝ РЖД-ից անկախ, կառավարի՞չ նշանակի, ու՞մ սեփականությունն է լինելու երկաթգիծն՝ իր մյուս բոլոր ենթակառուցվածքներով:
Սրանք գործնական հարցեր են, և յուրաքանչյուրը կարող է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ առանձին պայմանագրի թեմա դառնալ: Իսկ մեզ մոտ ամեն ինչ կամ սև է, կամ՝ ճերմակ»: