«Ազատություն» ռ/կ երևանյան բյուրոյի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին դաշնակցության անդամները զինված բանդա էին կազմել ու մարդ էին սպանում Երևանում։ Նրանք սպանել են Գագիկ Սահակյանին, Նունե և Աշոտ ամուսիններին գնդակահարել են իրենց բնակարանի մեջ։ Գագիկին ճանաչում էի Հայֆիլմում աշխատելու տարիներին։ Երկրորդ ռեժիսոր էր, նիհար, կարճ մորուսով տղա էր։ Գիտեինք, որ անդամագրվել է դաշնակցությանը, հետո լսեցինք, որ անօրինական կառույցներից մեկի պատժիչ խմբի ղեկավարն էր։ Նա սպանվել է իր տան մուտքի մոտ։
Դրոյի գործով զինված բանդա ձևակերպումը դատարանի կողմից կայացված որոշումն է, բայց այդ բանդան ավելի շատ նման էր դասական ահաբեկչական կառուցի, որտեղ սահմանված էին աշխատանքի ուղղությունները ու պատասխանատուները, ծածկանուններ, կոդավորված գործողություններ։
Դատավորը կամ իրոք միայն ձեռք բերված ապացույցների հիման վրա իրավական որոշում կայացրեց, կամ հավանաբար խուսափեց ահաբեկչության պիտակ կպցնել ՀՅԴ-ին։ Ամբաստանյալ Հրանտ Մարգարյանը հիմնական մեղադրանքով մեղավոր չճանաչվեց, այդպիսով կտրվեց սպանությունները կուսակցության հետ կապելու, քաղաքականացնելու թելը։ Թեև ՀՅԴ-ի գործունեությունը կասեցվել էր այդ գործը բացահայտելու արդյունքում։
Դրոյի գործով նույնիսկ մահվան դատավճիռներ կային, բայց հանրապետության նախագահը ներում շնորհեց, ու մահապատիժները փոխվեցին ցմահ ազատազրկման։ Արմենակ Մնջոյանը մահացավ բանտում, որտեղից բաց նամակներ էր հղում, բայց ընկերները չօգնեցին նրան, երբ իշխանության մաս էին կազմում։ Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին վերջերս ազատ արձակվեց ու անամոթաբար դուրս է տալիս, թե այդ ամենը ՀՀՇ-ՀՅԴ հակամարտության հետևանք էր։ Դրոյի կազմակերպիչները բեյրութցի ու իրանցի դաշնակցականներն էին, որոնք ներգրավել էին նաև հայաստանցիներին։ Գեղամ Մանուկյանը Հրանտ Մարգարյանի խորհրդով էր գնացել Արսեն Արծրունու մոտ՝ աշխատանք փնտրելու։
Դատավարության ընթացքում Գեղամ Մանուկյանը շաբաթներով ցուցմունք էր տալիս։ Հետագայում ոչ մի արդարացման դատավճիռ չի եղել։ Այսօր նա ԱԺ պատգամավոր է, ու սա թույլ օրենսդրության հետևանք է։ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ դատարանի վճռով դատապարտված հանցագործներին պետք է արգելվի ընտրովի կամ նշանակովի պաշտոն զբաղեցնել, եթե արդարացման վճիռ չկա։
Դրո խումբը բացահայտվել էր թմրաբիզնեսի վրա բռնվելու հետևանքով, երբ փորձել էին նարդու պատյանում թաքցրած թմրանյութ տեղափոխել Մոսկվա։ Կծիկը սկսել էր բացվել ու հասել էր մարդասպանությունների բացահայտմանը։ Արսեն Արծրունու համակարգիչը գործի բացահայտման բանալին էր։ Առգրավված համակարգչում գրեթե բոլոր նյութերը կային։ Նիստերից մեկում Հրանտ Մարգարյանը կշտամբեց, թե Արսենը անգամ զուգարան գնալը գրանցել է համակարգչում։
Ինտերնետում «Դրոյի գործը», «Դրոյի դատավարությունը», կամ նմանատիպ վերնագրերով որոնում տվեք։ Ծանոթ շատ ուրիշ անուններ կտեսնեք, որոնք կասկածվել են այդ խմբին առնչություն ունենալու մեջ, նրանց անունները շոշափվել է նաև ուրիշ գործերով, ու նրանք այսօր էլ կան քաղաքական դաշտում։
Մի եղեք այդքան միամիտ կամ ծախված, մի հավատացեք քաղաքական ստախոսներին։ Դրո խմբից․ ինչպես նաև հեղաշրջման փորձի համար մեկ այլ գործով դատապարտվածները ազատ են արձակվել պալատական հեղաշրջումից հետո՝ Ռ.Քոչարյանի օրոք։ Արդարացման ոչ մի վճիռ չի եղել, նրանք ազատ են արձակվել իրավիճակի փոփոխության պատճառաբանությամբ։
Մի քիչ կարդացեք, ուսումնասիրեք, որովհետև դա միայն պատմություն չէ, գոնե կիմանաք՝ ով է այսօր խոսում, ում հետ եք խոսում, ում ասածներն եք տարածում։ Մի եղեք այդքան օլուխ։
Մի ամաչեք, մի վախեցեք ասել ճշմարտությունը։
Մի պաշտպանեք հանցագործներին, ահաբեկիչներին ու տեռորիզմը։ Տեռորիզմը ամենասարսափելի բանն է։
Եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, այսօր կլիներ բոլորովին ուրիշ Հայաստան ու Արցախ»։