Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության հարցում, որով խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն, բավականին դեր ունի այդ խորհրդի նախագահը՝ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Այդուհանդերձ, այդ աջակցության դրականությամբ և ողջունելիությամբ հանդերձ, անձամբ ինձ ավելի հետաքրքրում է, թե նրա պատվիրակները ինչ են քննարկել օրեր առաջ Մայր Աթոռում, երբ հյուրընկալվել էին Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ընդ որում, հարց է, թե արդյոք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությունը կարող էր լինել այդ քննարկումների ընթացքում շոշափված բաղադրիչ:
Ինչու եմ ավելի կարևոր համարում այդ քննարկումը: Որովհետև, դատելով հաղորդագրությունից, որ տարածել էր միայն Կիլիկիո կաթողիկոսարանի հետ առնչվող «Կիլիկիա» TV-ն, Արամ Առաջինի պատվիրակները Գարեգին Երկրորդին են ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման մոտեցումներ, կամ այլ կերպ ասած՝ Արամ Ա-ի առաջարկները:
Ընդ որում, դրանից առաջ նա հայտնել էր, որ իր մոտեցումները ներկայացնելու է նաև Հայաստանի կառավարությանը: Պաշտոնական տեղեկություն չկա՝ ներկայացվել են, թե ոչ: Բայց, եթե ներկայացվել են Գարեգին Երկրորդին, ապա, մեծ հավանականությամբ, ներկայացվում էին նաև Փաշինյանին:
Ավելին, չեմ բացառում, որ հայտնի «կոնսենսուսի» վերաբերյալ Փաշինյանի «նախաձեռնությունը» կարող էր պայմանավորված լինել դրանով: Հիմա, կարծես, Փաշինյանը «վերադառնում» է «նախակոնսենսուսային» կետին, դատելով վերջին երկու օրերի նրա գրառումների տրամաբանությունից:
Սա կարո՞ղ է նշանակել, որ Արամ Առաջինի տարբերակները չեն ընդունվել, ինչին էլ հաջորդել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը»: