«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանում որևէ՝ նույնիսկ ամենաբարեկամ երկրի դեսպանը չի կարող և իրավունք չունի որոշելու՝ որ լրատվամիջոցը ներկա լինի մամուլի ասուլիսին, որ մեկից դուրս հրավիրվի։
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի այսօրվա քայլը հարգանքի բացակայություն է Հայաստանի հանդեպ։ Դա վիրավորական վերաբերմունք է ոչ միայն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, այլև Հայաստանի հանրային ինստիտուտների, ազատ մամուլի և ընդհանրապես՝ մեր երկրի պետականության նկատմամբ։ Նման արարքը պետք է դատապարտվի բոլոր մակարդակներում։
Ես կարող եմ ունենալ խոր անհամաձայնություններ «Ազատության» խմբագրական քաղաքականության հետ, սակայն խոսքի ազատությունը չի կարելի պայմանավորել համակրանքով կամ հակակրանքով։ Այդ ազատությունն է, որ մեզ տարբերում է բռնապետություններից։ Ու հենց այդ ազատությունն է, որ պետք է պաշտպանել առաջին հերթին այն դեպքերում, երբ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի ձայնը մեզ դուր չի գալիս։
Այդ պայմանը ընդունելով և ասուլիսն այնուամենայնիվ շարունակելով՝ կազմակերպիչները կիսել են այդ անթույլատրելի պահվածքը։ Պետք է հրաժարվեին միջոցառումը անցկացնել այդ պայմաններով։
Հարգելի պարոն դեսպան, սա մեր երկիրն է։ Եվ այս երկրում դռներն ազատ են լինելու բոլոր լրագրողների առջև։ Որևէ արտասահմանյան պաշտոնյա, դիվանագետ չի կարող ընտրել «հաճելի» և «տհաճ» լրատվամիջոց։ Անվերապահ զորակցությունս եմ հայտնում «Ազատություն» ռադիոկայանին և ռադիոկայանի լրագրողին՝ Ռուզաննա Ստեփանյանին»։