Տեսակետ

Ուշագրավ է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ձևակերպումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Շատ ուշագրավ է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հայտարարության ձևակերպումը: Մասնավորապես, դատապարտելով Իսրայելի հարվածը, Ռիյադը Իրանի առնչությամբ օգտագործում է «եղբայրական պետություն» ձևակերպումը:

Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի տարի առաջ իրան-սաուդական հարաբերությունը խիստ լարված էր, Ռիյադը Իրանին էր մեղադրում Եմենից իր տարածքին հասցվող հարվածների համար: 2017 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական պետությունները բոյկոտի ենթարկեցին Կատարին՝ Իրանի հետ լավ հարաբերության համար:

Իրավիճակը փոխվեց Չինաստանի ներգրավումով: Պեկինը կարողացավ մերձեցնել Թեհրանն ու Ռիյադը, որոնք հարաբերությունը վերականգնելու մասին համաձայնության եկան հենց Չինաստանում:

Այժմ փաստորեն Սաուդյան Արաբիայի ԱԳՆ խոսում է Իրանի մասին որպես «եղբայրական պետության»:

Արդյո՞ք Իսրայելի գործողությունը կբերի նրան, որ ռեգիոնի մահմեդական պետությունները կխմբվեն Իրանի շուրջ: Թեև, իհարկե աջակցության հրապարակային հայտարարությունները դեռ բոլորովին չեն նշանակի, որ գործնական քաղաքականության մակարդակում նրանք անպայմանորեն կաջակցեն Իրանին ըստ անհրաժեշտության:

Իհարկե ավելի հավանական է, որ Մերձավոր Արևելքի, Ծոցի երկրները աշխատեն մեծ պատերազմի ծավալում թույլ չտալու ուղղությամբ: Մյուս կողմից, հատկապես նավթ արդյունահանողները թերեւս կքաղեն որոշակի տնտեսական օգուտներ, քանի որ ամենայն հավանականությամբ կլինի նավթի գնի բարձրացում»: