Տեսակետ

Ի՞նչ է իրականում ասում Քոչարյանի մոտ նախարար աշխատած Օսկանյանը․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը․

«Ինչու՞ է աղմկում Վարդան Օսկանյանը։

Հիշո՞ւմ եք, մի արտաքին գործերի նախարար ունեինք՝ Վարդան Օսկանյանը, որ հետո փորձեց իրեն ավելի մեծ քաղաքականության մեջ՝ իհարկե, գիտությանն անհայտ ելքով։

Վերջին մի քանի օրերին նա ակտիվ գրառումներ է անում ֆեյսբուքում՝ էլ «մեր կառավարությունը ամենաանկարողներից ու ամենաձախողվածներից է», էլ «ամենակոռումպացվածն է», էլ «Հայաստան հիմնադրամի 100 մլն-ը ի՞նչ եղավ», էլ քաչալ շուն ու գող կատու։

Բայց ի՞նչ է իրականում ասում Քոչարյանի մոտ նախարար աշխատած Օսկանյանը։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ավելի ճիշտ է ունենալ կոռումպացված, բայց կարողունակ իշխանություն՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի նման «կարողունակ» և կոռումպացված իշխանությունը, քան թե հակառակը։

Փաստորեն, այս մարդիկ այնքան են կտրված եղել և դեռ կտրված մնում իրականությունից ու սեփական ժողովրդից, որ իրենց հրապարակային իրավունք են վերապահում հայտարարելու, որ՝ ժողովուրդ ջան, ոչինչ, որ մենք կոռումպացված ենք եղել, բայց լավ ենք կառավարել երկիրը և բոլորիդ։ Իհարկե, 1998-2018 թթ. իշխանությունների կարողունակության միֆը ջախջախվեց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ այնքան պետական ծրագրեր սկսեցին իրականացվել և մինչ օրս իրականացվում են բյուջեի կտրուկ աճած եկամուտների հաշվին, քանի որ 20 տարի շարունակ եղած թալանը կտրուկ դադարեց, որ այդ ծրագրերն անգամ համեմատելի չեն նախորդ «կարողունակ» կառավարությունների 20 տարիների իրականացրած ծրագրերի հետ։

Հիմա, ըստ վերջերս աղմկող Օսկանյանի, ժողովուրդը պետք է ընտրի կոռումպացված, բայց կարողունակ Քոչարյանին, որպեսզի երկիրը «փրկվի», ինքն էլ հավանաբար նշանակվի այդ «փրկիչ» կառավարության օկուպացված զուգարանների նախարար»։