Տեսակետ

Եվրոպան ընտրեց Հայաստանը՝ ոչ թե ռեսուրսների, այլ արժեքների համար. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում 2026 թվականի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը պետության պատմության մեջ ամենախոշոր քաղաքական-դիվանագիտական իրադարձությունն է լինելու՝ անկախության վերանախագծման և արտաքին քաղաքականության նոր ինքնության հաստատման արտահայտություն։ Այս որոշման նշանակությունը դուրս է կազմակերպչական և օրակարգային շրջանակներից. այն Հայաստանին հաստատում է որպես եվրոպական քաղաքակրթական տարածքի գործնական և հավասարարժեք մաս։

Եվրոպական քաղաքական համայնքը ներառում է Եվրոպական միության անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան, Նորվեգիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Բալկանյան երկրներն ու այլ գործընկերներ։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Իտալիայի վարչապետը, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները, Հյուսիսային և Բալթյան երկրների առաջնորդները, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները։

Հայաստանը գագաթնաժողովը հյուրընկալելու իրավունքը ստացավ այն բանից հետո, երբ օրենսդրորեն արձանագրեց իր ԵՄ անդամակցության մեկնարկը։ Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորում էր, այլև ռազմավարական ճշգրտում՝ վերասահմանելով երկրի արտաքին կողմնորոշումը։ Միաժամանակ, այն սառեցրեց բոլոր մտացածին հավասարակշռումների մասին քննարկումները՝ բացահայտելով, թե որ արժեհամակարգն է այսօր ձևավորում Հայաստանի ապագան։

Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ծախսեց COP29 համաշխարհային գագաթնաժողովը կազմակերպելու համար և արժանացավ միջազգային բոյկոտի։ Հայաստանը ոչինչ չստիպեց, չգովազդեց, այլ պարզապես արժանացավ վստահության։ Եվրոպան ընտրեց Հայաստանը՝ ոչ թե ռեսուրսների, այլ արժեքների և կամքի համար։

Այս միջոցառումը վերացնում է ռազմավարական երկիմաստությունները և հաստատում նոր ուղեգիծ։ Հայաստանն իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ներգրավվում է եվրոպական անվտանգության, էներգետիկայի, թվային համագործակցության և տնտեսական ինտեգրման համակարգային ձևաչափերի կենտրոնում։
Սա միայն գագաթնաժողով չէ։ Սա համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա Հայաստանի անունով դրված անջնջելի նշան է»։