Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Երբ 2020 թվականի ընտրություններին նախագահի 10 թեկնածու առաջադրվեց եւ մտավ մրցապայքարի մեջ, ոչ ոք չխոսեց, թե ինչու՞ է խախտվում Արցախի միասնականությունը կամ տասնամյակների ավանդույթը, երբ ունենում էինք ֆավորիտ, բայց հանուն դեմոկրատիայի առաջադրվում էր նաեւ երկրորդը: Երբ զինադադարի օրն Ազգային ժողովի երեք խմբակցությունները պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ոչ մեկը դա սպառնալիք չհամարեց, ոչ էլ միասնության կոչ արեց:
Երբ 2021թ.-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտում բազմամարդ երթ կազմակերպվեց, որի մասնակիցները վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», ոչ ոք չասաց, թե Ստեփանակերտն ի՞նչ գոր ունի Հայաստանի ընտրությունների հետ: Երբ 2023-ին շրջափակված Արցախում ընտրվեց «Կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան» քաղաքական դասավորություն, ոչ ոք չհարցրեց, թե Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին ինչու՞ են մեկուսացնում: Այս ու առայժմ բացահայտման չտրվող բաժանվածությամբ, փոխադարձ անվստահությամբ եւ թշնամանքով Ստեփանակերտից տեղափոխվել են Երեւան, բաժանարար գծերն ավելի խորացրել, բայց ով իրենց ավանտյուրիզմի մասին մի խոսք է ասում, իսկույն հռչակվում է «պառակտիչ» եւ «Արցախի միասնության թշնամի»:
Մի հատ էդ միասնականներով շարքի կանգնեք՝ տեսնենք ո՞վ եք, ի՞նչ եք քարոզում եւ ինչու՞ եք վերարտադրության գնում, լսեք բռնատեղահանված մարդկանց, հետո պարզ կլինի «որից հետո որն է»: Բայց մինչ այդ իմացեք. «Կոլեկտիվ հոգեխանգարմունքը պատասխանատվությունից խուսափելու ալիբի չէ»»: