Պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մերձավանի դեպքը լակմուս է։ Մենք գործ ունենք կլանային գործելաոճի հետ, որի մեջ ներառվել են նաև սովորողները և ծնողները։ Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, վերջինը չի լինելու։
Շատ հեշտ է սադրել ցանկացած՝ անգամ ամենապրոֆեսիոնալ ուսուցչի։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ «վերբովկա» արած աշակերտ, ու հարցը լուծված է։ Այս պարագայում, ի պատիվ ուսուցչի, մենք տեսանք ամենազուսպ մարդուն, որը շրջապատված էր ամենավերջին ծաղրով, վիրավորանքներով ու ստորացումներով։ Ու ամենաքստմնելին այդ ամենի մեջ սովորողներին ներքաշելն էր։ Ծնողական համայնքն առանձին թեմա է։
Ես ամեն օր կարդում եմ տնօրենների հավակնորդների ճոռոմաբանություններն այն մասին, թե ինչ «հրաշալի, բազմակարծիք, բռնությունից դուրս միջավայր» են նրանք ստեղծելու։ Ի դեպ, կադրերում երևացողներից ոմանք նույնպես նման մտքեր են երկնել։
Կադրերում ուշադիր նայեք սոցիալական բաղադրիչին։ Ուշադիր նայեք «մեղադրյալ ուսուցչուհու» հագ ու կապը, զսպվածությունը և մեղադրողների ատրիբուտները։ Ամեն մեկի վրա մի բնակարանի արժեքի փող կա։
Չափազանց մտահոգիչ էր նաեւ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչի՝ Factor-ին տված հարցազրույցը։ Այդտեղ նա հուշում էր, թե ինչպես երրորդ նկատողությունը ճիշտ տան, որ ուսուցչին ազատեն աշխատանքից։
Շատ կզարմանա՞ք, եթե ասեմ նաև, որ կազմակերպիչների մի մասը հենց ուսուցչական համայնքից են։
Երբ ուսուցիչների բարեվարքության կանոնների մեջ առաջարկվում էր ավելացնել բամբասանքի անհանդուրժելիությունը, շատերը նեղվել էին՝ «օյ, մենք՝ ուսուցիչներս, սրբերս սրբագույնների շարքում, ինչպե՞ս կարող ենք բամբասել»։
Բամբասում եք ու ոչ միայն, բամբասում եք կոլեգաներին, սովորողներին, բոլորին, ում հնարավոր է։
Պարզապես սովորողներն են մեղք, որ էս հակամշակույթն եք դնում»։