Տեսակետ

Շուշիի ռազմական պարետը հանդիպել էր Ալիևի հետ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«2012թ., Շուշիի ազատագրման հերթական տարեդարձին ընդառաջ, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հարցազրույց է ունեցել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի հետ: Առանձնացնում եմ երեք կարևոր փաստ:

Առաջին. Գազիևը հայտարարել է, որ Շուշիի ռազմագործողությունից մեկ շաբաթ առաջ քաղաքի զինվորական պարետ Էլբրուս Օրուջևը և գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը (վերջինս հետագայում ԼՂ ադրբեջանական համանքի ղեկավարի կարգավիճակով Ադրբեջանի պատվիրակության կազմում մասնակցել է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին) հանդիպել են ոչ թե Ադրբեջանի ղեկավարությանը, այլ Նախիջևանի ԻՀ մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևին:

Երկրորդ. Շուշիի կայազորն ունեցել է 1625 զինվոր,  3 T-72 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 82 մմ տրամաչափի 20 ականանետ, 3 «Գրադ» կայանք՝ 12 հազար արկերով: Ըստ Գազիևի՝ 1992թ. մայիսի 8-ի առավոտյան Շուշիում մնացել է Ռամիզ Գամբարովի հրամանատարությանը ենթակա «մասնավոր գումարտակը»՝ 100 զինվորականով:

Երրորդ. Իշխանության վերադառնալուց հետո Հեյդար Ալիևը ներում է շնորհել Էլբրուս Օրուջևին, վերականգնել նրա զինվորական կոչումը, ապա շնորհել գեներալ-մայորի կոչում և նշանակել պաշտպանության փոխնախարար:

Գազիևը նույնպես դատվել է, բայց ոչ՝ որպես «պետական դավաճան»: Նրան մեղադրել են ծառայողական անփութության մեջ»: