Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Լրատվամիջոցներով, սոցիալական մեդիայով Մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Բաքու այցի, Մհերիբան Ալիևային եկեղեցական շքանշանով պարգևատրելու դեմ զայրույթի, բողոքի, երբեմն նաև՝ ատելության «իններորդ ալիք» է բարձրացել:
Որքան հիշվում է, ոչ ոք չզայրացավ, չբողոքեց, երբ 2022 թվականի մարտի 22-ին Բաքու այցելեց Ռուսաստանի ԶՈւ ցամաքային զորքերի փոխհրամանատար Կիմը, և նա դեռ Մոսկվա չէր վերադարձել, երբ ադրբեջանցիները տիրացան Փառուխին և Քարագլուխ բարձունքի մի հատվածին: Ֆիզիկա-աշխարհագրական Արցախի հանձնումն այդպես է սկսվել:
Պատրիարք Կիրիլի՝ Բաքու այցով մեկնարկում է հոգևոր-մշակութային-քաղաքակրթական Արցախի հանձնումը: Երեք տարի առաջ Հայաստանի իշխանությունը չկարողացավ կանխել «նյութական» Արցախի հանձնումը: Այսօր Հայ առաքելական եկեղեցին, գոնե հրապարակային տիրույթում, ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի կանխի հոգևոր-մշակութային-քաղաքակրթական Արցախի հանձնումը: Եկեղեցու սպասավորները ներքաղաքական խնդիրներ են կարգավորում՝ գերազանցապես աջակցելով ինստիտուցիոնալ ընդդիմությանը, որն, ի դեպ, Արցախ վերադարձի հնարավորություն է ներշնչում: Բայց եթե հանձնվի նաև հոգևոր-քաղաքակրթական Արցախը, էլ ի՞նչ վերադարձ կամ ու՞ր վերադարձ:
Որևէ խնդիր լուծելու համար նախ այն պետք է հասկանալ: Իսկ մենք միայն ցավից ճչում ենք, իսկ ցավն ինչից է՝ չենք ուզում պարզել: Ինչպես հիվանդը, որ բժշկի ցուցումով МРТ պիտի անցնի, բայց դիմում է «բուսաբուժության օգնությանը»»: