Տեսակետ

«Ընդդիմության բարոյական և քաղաքական սնանկությունը». Թորոսյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ մեր գործընկեր, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ, ուղղակի ցուցիչ է ընդդիմության բարոյական և քաղաքական սնանկության, իսկ եթե ավելի ճիշտ՝ ոչնչության։

Նախ՝ զորակցությունս եմ հայտնում պարոն Ալեքսանյանին և նրա մայրիկին։ Նման պահվածքը համարում եմ անթույլատրելի և անբարոյական՝ ցանկացած ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Հիմա՝ ընդդիմության քաղաքական ոչնչության մասին։

Ի՞նչ էր ասում մեր գործընկերոջ մայրիկը։ Նա իր կարծիքն էր արտահայտում որոշ քաղաքական գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին։ Նա նաև նշում էր, որ եթե «քաղաքական ակցիա» իրականացնող քաղաքացիները դեմ են Նիկոլ Փաշինյանին և մեզ, ապա շուտով կլինեն ԱԺ ընտրություններ, և նրանք կարող են գնալ ու իրենց քվեն տալ այլ քաղաքական ուժի։ Եկեք համաձայնենք, որ նա խիստ քաղաքական, ժողովրդավարությունից բխող կարծիք է արտահայտել։

Իսկ ի՞նչ են, ըստ էության, պատասխանել այս քաղաքական տեքստին «ակցիա» իրականացնողները։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ, քանի որ քաղաքականապես սնանկ են՝ դատարկ։ Հենց այդ պատճառով էլ սկսել են տարեց կնոջ վրա գոռգոռալ, տարատեսակ վայրենի ձայներ արձակել։ Սա է մեր ընդդիմության ողջ «պերճանքն» ու թշվառությունը։

Հ.Գ. ի դեպ, սա նաև ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վերաբերվում ազատ խոսքին և կամարտահայտությանը»։