Տեխնէ

Գերմանիան նպատակ ունի AI-ի հաշվին տնտեսական աճ ապահովել

Գերմանիան պատրաստվում է մինչև 2030թ․ էապես ընդլայնել արհեստական բանականության կիրառությունը՝ խթանելու երկրի տնտեսությունն ու պահպանելու մրցունակությունը համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքում։ Այս մասին նշված է Գերմանիայի հետազոտությունների նախարարության ռազմավարության նախագծում։

AI-ի գլոբալ զարգացումը թափ է առնում, իսկ Չինաստանը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը համարվում են առաջատարներ՝ ճնշում գործադրելով Գերմանիայի և Եվրամիության վրա։

«Մենք ցանկանում ենք, որ 2030թ․ տնտեսության 10%-ը ձևավորվի AI-ի հիման վրա, և այն դառնա հիմնարար գործիք գիտական հիմնական ոլորտներում», - ասվում է փաստաթղթում։

Թե ներկայում AI-ն ինչ չափով է ներգրավված գերմանական տնտեսությունում, չի հստակեցվում։ Սակայն OECD-ի 2024թ. զեկույցում ընդգծվում է, որ Գերմանիան պետք է AI-ն օգտագործի իր առաջնային խնդիրների լուծման համար, ներառյալ՝ «կանաչ» անցումը, արդյունաբերական արդյունավետությունը և առողջապահության բարելավումը։

Կառավարությունը նախատեսում է ռազմավարությունն ընդունել մինչև ամսվա վերջ։ Այն ներառում է մինչև 2027 թվականը բարձր արտադրողականությամբ տվյալների մշակման կենտրոնների ստեղծում ԵՄ տարածքում։

Եվրոհանձնաժողովն արդեն 20 միլիարդ եվրո է հատկացրել «AI գիգաֆաբրիկաների» կառուցման համար։ Գերմանիան, ըստ տարեսկզբին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի, մտադիր է գոնե մեկ կենտրոն կառուցել իր տարածքում։ Deutsche Telekom ընկերությունը հետաքրքրված կողմերից է։