Չիլիում տեղակայված աշխարհի ամենահզոր թվային տեսախցիկով հագեցած աստղադիտարանը՝ Վերա Ս․ Ռուբինի աստղադիտարանը, հրապարակել է տիեզերքից ստացած առաջին պատկերները. գրում է BBC-ն։ Այն բացում է մարդու առաջ տիեզերքի ամենախոր ու մութ հատվածները տեսնելու նոր հնարավորություն։
Առաջին հրապարակված պատկերներից մեկում երևում են գազի և փոշու հսկայական գունագեղ ամպեր, որոնք պտտվում են երկրից 9000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող աստղերի ձևավորման շրջանում:
Այս աստղադիտարանը կօգնի պատասխանել տիեզերքի ամենախորքային հարցերին, այդ թվում՝ սև խոռոչի բնույթին, որը համարվում է տիեզերքի զանգվածի մեծ մասը։ Գիտնականները նշում են, որ եթե մեր արեգակնային համակարգում իսկապես գոյություն ունի ինններորդ մոլորակ, այս աստղադիտակն այն կհայտնաբերի արդեն առաջին տարում։
Վերա Ռուբինի աստղադիտարանը գտնվում է Չիլիի Անդյան լեռներում՝ Չերո Պաչոն լեռան գագաթին։ Աստղադիտարանի տարածքում խստորեն պահպանվում է լույսի վերահսկումը՝ նույնիսկ գիշերը լեռան վրա երթևեկելիս մեքենաները չեն օգտագործում ուժեղ լուսարձակներ, որպեսզի չխանգարեն աստղադիտարկմանը։
Աստղադիտարանում տեղադրված է 3,2 մլն մեգապիքսել տեսախցիկ (մոտ 67 անգամ ավելի հզոր, քան iPhone 16 Pro-ն), որն ունակ է որսալ լուսնի վրա գտնվող գոլֆի գնդակն անգամ։ Տեսախցիկը կաշխատի 10 տարի շարունակ՝ ամեն երեք օրը մեկ նկարելով երկինքը և որսալով տիեզերքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները։
Կարողություններն այնքան մեծ են, որ գիտնականները ակնկալում են նկատելիորեն ավելացնել արեգակնային համակարգի հայտնի օբյեկտների քանակը։ Այն նաև կկարողանա հայտնաբերել Երկրին մոտեցող վտանգավոր աստերոիդներ։