Հունիսի 18-ին համացանցում տեղի է ունեցել մինչ օրս աննախադեպ մասշտաբի տվյալների արտահոսք. գրում է Forbes-ը։ Cybernews հարթակի հետազոտողների տվյալներով՝ շուրջ 16 միլիարդ մուտքային տվյալ, այդ թվում՝ գաղտնաբառեր են հայտնվել բաց հասանելիության մեջ։ Մասնագետները վստահ են՝ սա պատմության մեջ խոշորագույն արտահոսքն է, որն առաջացել է մի քանի վնասաբեր ծրագրերի (infostealer) միջոցով։
Արտահոսած տվյալները ներառում են մուտքային մանրամասներ՝ կապված բոլոր խոշոր հարթակների հետ, այդ թվում՝ Apple, Google, Facebook, GitHub, Telegram և նույնիսկ պետական ծառայություններ։ Տեղեկատվությունը, ըստ հետազոտողների, հիմնականում ձևավորված է եղել URL-հղումների տեսքով՝ ուղեկցված օգտատերերի անուններով և գաղտնաբառերով։ Սա հնարավորություն է տալիս մուտք գործել բառացիորեն ցանկացած առցանց համակարգ՝ առանց լրացուցիչ գործողությունների։
Keeper Security ընկերության հիմնադիրները արտահոսքն անվանել են «զանգվածային շահագործման գծապատկեր»՝ նշելով, որ սա նոր տվյալների հավաքածու է, ոչ թե նախկին արտահոսքերի կրկնություն։ Միայն մեկ բացառություն կա՝ մայիսին արձանագրված 184 միլիոն գաղտնաբառի արտահոսքը։ Մնացած բոլոր տվյալաշարերը մինչ այս պահը հայտնի չեն եղել։
Հայտնաբերված 30 տվյալաշարից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է տասնյակ միլիոնից մինչև 3.5 միլիարդ գրառում։ Ըստ հետաքննության՝ այս ամբողջ տեղեկատվությունն արդեն հայտնվել է մութ ցանցում և հասանելի է համեմատաբար փոքր գումարների դիմաց։
Google-ն արդեն խորհուրդ է տվել օգտատերերին անցնել գաղտնաբառերից «passkey»-ների, իսկ ԱՄՆ դաշնային քննիչ բյուրոն հորդորում է զերծ մնալ կասկածելի հղումներին սեղմելուց, հատկապես՝ SMS հաղորդագրություններում։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը