Երևանի ժամանակով գիշերը ժամը 01:49-ին Արեգակի վրա տեղի է ունեցել բարձրագույն՝ X մակարդակի բռնկում. հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Նախնական գնահատմամբ, բռնկման ուժգնությունը կազմել է X1.2։
Տիեզերական աստղադիտակների ուղարկած լուսանկարների համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել նույն ակտիվ 4114 համարի շրջանում, որտեղ արդեն իսկ հունիսի 15-ին և 16-ին գրանցվել էին ամսվա ամենահզոր երկու բռնկումները՝ համապատասխանաբար M8.4 և M6.3 մակարդակներով։
Տվյալ ակտիվ հատվածը ներկայումս գտնվում է Արեգակի կենտրոնական միջօրեականի մոտ՝ Երկրի վրա առավելագույն ազդեցության գոտում։ Նախորդ բռնկումներն ուղեկցվել էին պլազմայի խոշոր արտազատումներով, սակայն դրանց ուղղությունները անցել էին մոլորակների դասավորության հարթությունից վեր՝ շրջանցելով Երկիրը։ Եթե Արեգակի գլոբալ մագնիսական դաշտի կառուցվածքը վերջին երկու օրում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, ապա հնարավոր է, որ նոր բռնկման դեպքում պլազման նույնպես չշարժվի Երկրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, այս պահին որևէ հաստատում պլազմայի արտազատման վերաբերյալ չկա։
Հիշեցնենք, որ X կարգի նախորդ ամենաուժեղ բռնկումը դիտվել էր մայիսի 25-ին։ Ընդհանուր առմամբ, այս տարի արդեն գրանցվել է X մակարդակի 8 բռնկում։ Այսօրվա X1.2-ն իր ուժգնությամբ տարվա չորրորդն է, մինչդեռ տարվա ամենահզոր բռնկումը մինչ այս մնում է մայիսի 14-ին գրանցված X2.7 մակարդակի բռնկումը։