Տեխնէ

Ներկայացվել է Lada Azimut քրոսովերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռուսաստանի խոշորագույն ավտոարտադրող «АвтоВАЗ»-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում առաջին անգամ ներկայացրել է իր նոր քրոսովերը՝ Lada Azimut, որը ստեղծվել է ռուսական արտադրության սեփական Vesta պլատֆորմի հիման վրա։ 

Ներկայացված քրոսովերը ներկված է բեժ գույնով, սև գույնով են առանձնանում տանիքը և դռների սյուները։ Ավտոմեքենան առանձնանում է նաև յուրահատուկ՝ եռանկյունաձև նախշով անվային դիսկերով։

«Azimut անունը ընտրվել է բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցել է «АвтоВАЗ»-ի շուրջ 50 հազար աշխատակից։ Ավտոմեքենայի ամբողջական նախագծումը՝ սկսած գաղափարից և դիզայնից, մինչև տեխնիկական համակարգերի մշակումն ու արտադրությունը, իրականացվել է ռուս մասնագետների կողմից»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Lada Azimut-ի համար ստեղծվել է գրեթե 1000 նոր տարր, այդ թվում՝ թափքի նոր վահանակներ, լուսային համակարգեր, ինտերիերի բաղադրիչներ և նոր հետևի կախոց։ Ընդհանուր առմամբ, մշակվել և կատարելագործվել է 996 յուրօրինակ հանգույց ու բաղադրիչ։

Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին։ Սկզբնական տարբերակներում մեքենան կթողարկվի «АвтоВАЗ»-ի կողմից պատրաստված բարելավված շարժիչներով՝ 1.6 և 1.8 լիտր աշխատանքային ծավալով, համապատասխանաբար, 120 և 132 ձիաուժ հզորությամբ։ Կտրամադրվեն երկու փոխանցման տուփ՝ վեցաստիճան մեխանիկական և վարիատոր։

Ապագայում քրոսովերը կստանա նոր՝ 150 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ, ինչպես նաև դասական ավտոմատ փոխանցման տուփ։