Telegram մեսենջերը ներկայացրել է 11.12 տարբերակի թարմացում, որն իր մեջ ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ և բարելավումներ։ Դրանց թվում են՝ ուղիղ հաղորդագրություններ ալիքներին, ձայնային հաղորդագրությունների խմբագրում, ներդիրների տեսքով թեմաներ, բարձր որակի լուսանկարներ և այլ հարմարեցումներ։
Ուղիղ հաղորդագրություններ ալիքներին

Այժմ օգտատերերը կարող են ուղիղ հաղորդագրություն ուղարկել ալիքներին՝ կապ հաստատելով դրանց սեփականատերերի և ադմինիստրատորների հետ։ Այս հաղորդագրությունները առանձնանում են սովորական չաթերից՝ ապահովելով ավելի հարմարավետ և կազմակերպված շփում։
Ալիքների սեփականատերերը կարող են միացնել այս գործառույթը իրենց կարգավորումներում և նույնիսկ սահմանել հաղորդագրություն ուղարկելու վճար՝ «աստղերի» տեսքով, ավելի որակյալ զրույցների համար։
Ներդիրների տեսքով թեմաներ խմբային չաթերում

Խմբերը, որոնք ունեն թեմաներ, այժմ ստացել են նոր ինտերֆեյս՝ ներդիրների տեսքով։ Սա թույլ է տալիս հեշտությամբ և արագ անցում կատարել տարբեր թեմաների միջև։ Օգտատերերը կարող են ընտրել լայն կողային վահանակ կամ կոմպակտ վերին ներդիրներ՝ ըստ նախընտրության։
Ձայնային հաղորդագրությունների կտրում և խմբագրում

Ձայնային հաղորդագրությունները հնարավոր է կտրել՝ նշելով ցանկալի սկիզբն ու ավարտը։ Բացի այդ, հնարավոր է դադար տալ ձայնագրության ժամանակ կամ շարունակել այն։ Նոր ինտերֆեյսը նման է վիդեոշարքերի ձայնագրման եղանակին, սակայն աշխատում է նաև սովորական ձայնային հաղորդագրությունների դեպքում։ Գործառույթը հատկապես հարմար է ավելորդ հատվածները հեռացնելու կամ հաղորդագրությունը լրացնելու համար։
Լուսանկարներ բարձր որակով (HD)

Օգտատերերը կարող են լուսանկարներ ուղարկել 4 անգամ ավելի բարձր հստակությամբ՝ առանց 0.5 ՄԲ սահմանը գերազանցելու։ Պարզապես ընտրեք «Ուղարկել բարձր որակով» տարբերակը կամ ֆոտոխմբագրիչում սեղմեք SD նշանին՝ անցնելու HD ռեժիմի։
Պատմություններում մեդիայի ավելի հեշտ տարածում iOS-ում

iOS սարքերի օգտատերերը Telegram-ի պատմություններում կարող են արագ և հեշտությամբ լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել անմիջապես այլ հավելվածներից՝ օգտագործելով «Կիսվել» կոճակը։
Ավելի շատ տարբերակներ հարցումներում

Telegram-ի հարցումներն այժմ դարձել են ավելի ճկուն։ Հնարավոր է ավելացնել մինչև 12 տարբերակ և պահպանել հարցումները «Ընտրյալներում»՝ հետագայում դրանք հրապարակելու կամ փոխանցելու համար։
Թարմացումը հասանելի է արդեն իսկ Android և iOS սարքերում։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը