Տեխնէ

Մարդանման ռոբոտներն արդեն սենդվիչ են պատրաստում, շապիկ ծալում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանհայի արվարձանում տեղակայված մեծածավալ պահեստում տասնյակ մարդանման ռոբոտներ օպերատորների վերահսկողությամբ օրական մինչև 17 ժամ կատարում են նույնատիպ գործողություններ՝ ծալում շապիկներ, պատրաստում սենդվիչներ, բացում դռներ։ Գործընթացի նպատակը մեծածավալ տվյալների հավաքագրումն է, որոնք օգտագործվում են ռոբոտների ուսուցման և կատարելագործման համար։

Ռոբոտները ստեղծվել են չինական AgiBot ստարտափի կողմից, որն ակնկալում է, որ ապագայում դրանք կվերափոխեն մարդկային աշխատանքն ու առօրյան։ Մարդանման ռոբոտների զարգացումը Չինաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով բնակչության նվազումը, տնտեսական աճի դանդաղումը և ամերիկյան սակագնային ճնշումները։

Վերջերս AgiBot-ի պահեստ է այցելել նախագահ Սի Ծինփինը։ Նա ծանոթացել է ռոբոտների աշխատանքին և հումորով նշել, որ դրանք կարող են անգամ ֆուտբոլ խաղալ։

Չինաստանում գործում են նաև այլ ռոբոտաշինական ընկերություններ, այդ թվում՝ Unitree-ն։ Սի Ծինփինը հանդիպել է նաև այդ ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով ռոբոտաշինության կարևոր դերը տնտեսության զարգացման գործում։

Չինաստանը նպատակ ունի առաջատար դիրք զբաղեցնել արդյունաբերության նոր՝ ռոբոտաշինական հեղափոխության մեջ։ Վերջին տարիներին չինական ռոբոտներն արդեն ցուցադրել են իրենց տեխնիկական հնարավորությունները՝ կատարել սալտոներ, մասնակցել կես մարաթոնի և խաղացել ֆուտբոլ։