1970-ականներին դեպի Վեներա թռիչքի համար նախատեսված խորհրդային տիեզերանավը՝ Kosmos 482-ը, որը տասնամյակներ շարունակ մնացել է Երկրի ուղեծրում, առաջիկա օրերին կարող է անկառավարելի կերպով մուտք գործել մթնոլորտ. գրում է AP-ը։
Փորձագետների կարծիքով՝ ավելի քան կես տոննա քաշ ունեցող մետաղական կորպուսը կարող է Երկիր վերադառնալ մայիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում։ Թե որտեղ կիջնի սարքը և արդյոք ամբողջությամբ կայրվի մթնոլորտում, դեռ հայտնի չէ։
Նիդերլանդացի գիտնական Մարկո Լանգբրուկի գնահատմամբ՝ սարքը, հնարավոր է, մթնոլորտ մուտք գործի մոտավորապես մայիսի 10-ին՝ մոտ 242 կմ/ժ արագությամբ։ Սակայն նա շեշտում է՝ մտահոգվելու կարիք չկա։
«Չնայած վտանգը բացառված չէ, բայց այն համեմատելի է մետեորիտի անկման հավանականության հետ։ Տարեկան մի քանի նման դեպք է լինում։ Ձեր կայծակահարվելու հավանականությունն ավելի բարձր է»,- նշել է Լանգբրուկը։
ԽՍՀՄ-ի կողմից Kosmos 482 տիեզերանավը արձակվել է 1972 թվականին՝ Վեներա ուղարկելու նպատակով։ Սակայն մեկնարկի ժամանակ տեղի ունեցած հրթիռային խափանումից հետո այն չի կարողացել լքել Երկրի ուղեծիրը։ Տիեզերանավի մեծ մասը մթնոլորտ է վերադարձել մոտ 10 տարի անց, սակայն դրա վայրէջքի մոդուլը՝ մոտ 1 մ տրամագծով և 500 կգ զանգվածով կաղապարը, շարունակել է բարձր էլիպսաձև ուղեծրով պտտվել Երկրի շուրջն ավելի քան կես դար։
Մոդուլը կառուցված է Վեներայի խիտ ածխաթթու գազի մթնոլորտում դիմակայելու համար, ինչն էլ մեծացնում է հավանականությունը, որ այն կարող է դիմանալ Երկրի մթնոլորտային ճնշմանը և ընկնել առանց ամբողջությամբ այրվելու։