Տեխնէ

OpenAI-ի նախկին աշխատակիցները դիմել են դատախազություն

OpenAI-ի նախկին աշխատակիցները դիմել են Կալիֆոռնիայի և Դելավերի գլխավոր դատախազներին՝ պահանջելով կանխել ընկերության կողմից արհեստական բանականության (AI) տեխնոլոգիայի վերահսկողությունը բարեգործական կազմակերպությունից շահույթ հետապնդող բիզնեսի վերափոխելու գործընթացը:

Նրանք մտահոգված են, որ եթե ChatGPT-ի ստեղծողն իրագործի մարդկանց գերազանցող AI ստեղծելու իր նպատակը, բայց դադարի հաշվետու լինել իր հանրային առաքելությանը՝ կանխելու այդ տեխնոլոգիայի կողմից լուրջ վնասներ պատճառելու հնարավորությունը, դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

«Ինձ մտահոգում է, թե ով է վերահսկելու և տնօրինելու այս տեխնոլոգիան, երբ այն ստեղծվի»,- The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է OpenAI-ի քաղաքականության և էթիկայի նախկին խորհրդատու Փեյջ Հեդլին:

Երեք Նոբելյան մրցանակակիրների, ինչպես նաև մի շարք փաստաբանների և փորձագետների աջակցությամբ Հեդլին և OpenAI-ի ևս ինը նախկին աշխատակիցներ այս շաբաթ նամակ են ուղարկել Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտային և Դելավերի գլխավոր դատախազ Քեթի Ջենինգսին:

Կոալիցիան խնդրում է դատախազներին օգտագործել իրենց լիազորությունները՝ պաշտպանելու OpenAI-ի բարեգործական նպատակները և արգելափակելու ընկերության վերակառուցման ծրագիրը: Հիշեցնենք, որ OpenAI-ն գրանցված է Դելավերում և գործում է Սան Ֆրանցիսկոյում:

Ի պատասխան՝ OpenAI-ն հայտարարել է, որ իր կառուցվածքում ցանկացած փոփոխություն կիրականացվի՝ երաշխավորելու, որ հանրությունը կարողանա օգտվել արհեստական բանականության առավելություններից: Ընկերությունը նշել է, որ իր շահույթ հետապնդող կառույցը կլինի հանրային օգուտի կորպորացիա՝ նման այլ AI լաբորատորիաների, ինչպիսիք են Anthropic-ը և Իլոն Մասկի xAI-ը, սակայն OpenAI-ը կշարունակի պահպանել իր բարեգործական թևը: