Տեխնէ

Ֆրանսիայի կառավարությունը պայքար է սկսում TikTok-ի #SkinnyTok միտման դեմ

Ֆրանսիայի թվային մեդիայի նախարար Կլարա Շապպազը քննադատել է TikTok-ում տարածված #SkinnyTok միտումը՝ այն բնութագրելով որպես «զզվելի և բացարձակապես անընդունելի»։ Նրա խոսքով՝ այս միտումը խթանում է անորեքսիան՝ նպաստելով ամոթանքի, նվաստացման և հոգեբանական ճնշման տարածմանը, հատկապես՝ երիտասարդ աղջիկների ու կանանց շրջանում։

Նախարարը դիմել է Ֆրանսիայի աուդիովիզուալ և թվային հաղորդակցության վերահսկողության մարմնին (Arcom), ինչպես նաև Եվրամիության համապատասխան կառույցներին՝ հորդորելով ձեռնարկել համապատասխան միջոցներ։

«Այս տեսանյութերը, որոնք քարոզում են ծայրահեղ նիհարություն, զազրելի են և չեն կարող հանդուրժվել։ Թվային գործիքները կարող են խթանել առաջընթացն ու ազատությունը, սակայն դրանց ոչ պատշաճ օգտագործումը սպառնում է կյանքերին։ Սոցիալական հարթակներն այլևս չեն կարող խուսափել իրենց պատասխանատվությունից», – հայտարարել է Շապպազը։

#SkinnyTok հեշթեգով հրապարակված նյութերի թիվը TikTok-ում արդեն գերազանցում է կես միլիոնը։