Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և թիմի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են ազգային առաջնության մեկ խաղով՝ մաֆիայի հետ կապված երկրպագուների ներկայացուցիչների հետ շփումների պատճառով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Ինտերի» ակտիվ երկրպագուների ներկայացուցիչների և ակումբի ներկայացուցիչների միջև կապերի վերաբերյալ հետաքննությունն սկսվել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ «Կուրվա Նորդ» երկրպագուների խմբի առաջնորդներից մեկի՝ Անտոնիո Բելոկոյի սպանությունից հետո։ Հետաքննությունը պարզել էր, որ Չալհանօղլուն հանդիպել է «Ինտերի» երկրպագուների խմբի նախկին ղեկավար Մարկո Ֆերդիկոյի հետ, ով բանտարկվել էր մաֆիայի հետ կապերի համար։
Ապացուցվել է նաև, որ ուլտրասիստների հետ հանդիպումները վարել են Ինձագին և «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին։
Իտալիայի սպորտային օրենսգիրքն արգելում է խաղացողներին և մարզիչներին շփվել այն երկրպագուների հետ, ովքեր պաշտոնական երկրպագուների խմբերի անդամ չեն։ Ինձագին և Չալհանօղլուն ընդունել են իրենց մեղքը և գործարք կնքել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը նրանց թույլ է տվել խուսափել դատավարությունից։
Որակազրկումից բացի, Ինձագին և Չալհանօղլուն տուգանվել են համապատասխանաբար 15,000 և 30,000 եվրոյով, Զանետին կվճարի 15,400 եվրո, իսկ «Ինտերը»՝ 70,000 եվրո։
Նմանատիպ հետաքննություն է անցկացվել նաև «Միլանի» հետ կապված։ Թիմի նախկին պաշտպան Դավիդե Կալաբրիան չի ընդունել մեղքը, և կարող է կանգնել ազգային դատարանի առաջ։ «Միլանը» տուգանվել է 30,000 եվրոյով։
Ինձագին և Չալհանօղլուն բաց կթողնեն 35-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղը, որը կկայանա մայիսի 3-ին։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, իսկ «Ինտերը» 71 միավորով երկրորդ տեղում է՝ երեք միավորով հետ մնալով աղյուսակի առաջատար «Նապոլիից»։