Սպորտ

Չավին և տեն Հագը համարվում են Ալոնսոյի հավանական փոխարինողները

«Բայերը» Չավիին և Էրիկ տեն Հագին դիտարկում է Խավի Ալոնսոյին հավանական փոխարինողների ցանկում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ռեալը» Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո:

«Բայերը» մտադիր է փոխարինող գտնել, որը կպահպանի հարձակողական ոճը գնդակի գերիշխող տիրապետմամբ․ գրում է Kicker-ը:

Գերմանական ակումբում կարծում են, որ այդ դերին իդեալական կհամապատասխանի «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին: Բացի այդ, իսպանացին լավ է խոսում անգլերեն: Սա համարվում է կարևորագույն պայման, որին չի համապատասխանում Իմանոլ Ալգուասիլը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ռեալ Սոսյեդադից»:

Բացի այդ, ակումբի շորթ-լիստում հայտնվել է նաև Էրիկ տեն Հագը։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը նույնպես համապատասխանում է ակումբի պահանջներին:

Հոլանդացին, ով մարզչական կարիերան սկսել է Գերմանիայում՝ «Բավարիայի» 2-րդ թիմում, լավ է խոսում գերմաներեն: Սա համարվում է մեծ պլյուս՝ հօգուտ նրա թեկնածության։ 55-ամյա մասնագետն առաջին տեղն է զբաղեցնում «Բայերի» շորթ-լիստում։