Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ` Ռուսլան Խուդաթյան) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է միայն 203 կգ: Այս ձևում ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել նաև 81 կգ քաշային կանայք: Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ` Արտաշես Ներսիսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 100 կգ: Հրումում Էմման բարձրացրել է միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի թիմի անդամ Մարգարիտա Առաքելյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրել է 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: