Սպորտ

Պատանիների աշխարհի առաջնություն․ 4 մենամարտ՝ 4 հաղթանակ

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ 

Մեկնարկային առաջին օրը 48 կգ քաշային, պատանիների Եվրոպայի չեմպիոն Վաղարշակ Քեյանը գերվստահ հաղթանակ է տոնել։ Հայ մարզիկը մրցել է Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ։ Երկրորդ ռաունդում նա երեք անգամ նոկդաունի է ենթարկել կորեացուն և տեխնիկական նոկատով հաղթել նրան:

52 կգ քաշային Արեն Խառատյանը նույնպես մեկնարկել է վստահ հաղթանակով. հայ բռնցքամարտիկը մենամարտել է Մոնղոլիայի ներկայացուցչի հետ։ Խառատյանի առավելությունն ակներև էր։ Նա մրցակցին կարողացել է երեք անգամ նոկդաունի ենթարկել և վստահ հաղթել 5-0 հաշվով։

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մակիչյանը նույնպես գերվստահ հաղթանակ է տոնել։ Մեր մարզիկը մեծ առավելություն է ունեցել Քաթարի ներկայացուցչի նկատմամբ, և 3-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Ալիկ Կճոյանը մրցել է Գերմանիայի ներկայացուցչի հետ: Նա մենամարտն սկսել է հուժկու հարվածներով, առաջին իսկ ռաունդում կարողացել է երեք անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, ինչից հետո ռինգի մրցավարն ստիպված է եղել վաղաժամ դադարեցնել մենամարտը: