Սպորտ

«Թուրք երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, բայց դա միայն ժպիտ էր առաջացնում»․ Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Նա նշել է, որ հիանալի տրամադրություն ունի, իրեն լավ է զգում և որ այդպես միշտ է լինում, երբ Երևանում է ու հավաքականի ճամբարում։

«Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու տնային խաղում։ Չկա վախ, կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան»,- ասել է ֆուտբոլիստը

Նա ընդգծել է, որ ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, և կարծիք է հայտնել, որ խորվաթների հետ հանդիպումն ամենածանր խաղերից մեկն է լինելու։

«Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինել Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին, ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու, հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար»,- ասել է Տիկնիզյանը։

Անդրադառնալով Թուրքիայի ընտրանու հետ կայացած արտագնա հանդիպմանը՝ Տիկնիզյանը նշել է, որ լարված խաղ էր, էմոցիոնալ առումով՝ առանձնահատուկ։ 

«Բայց այն որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, իսկ դժվարություններ չառաջացրեց։ Հանդերձարանում բոլորս տխուր էինք, քանի որ շատ մոտ էինք հաղթանակին։  Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք՝ մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումը շատ մեծ է»,- ասել է նա։