Տեսակետ

Հարգելի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևեք ձեր բառերին, ձեր ձևակերպումներին. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի նախագահը Կատար կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասում է՝ «Այն, ինչ տեղի ունեցավ 2020թ․ պատերազմի ժամանակ, կանխատեսելի էր դեռևս 1990 կամ 91 թվին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով․ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ է լինելու»։
Իհարկե, կարելի է ասել նաև, որ 2020-ի պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1918 թվականից կամ ավելի վաղ: Բայց բուն խնդիրը նույնիսկ դա էլ չէ, այլ այն, որ ըստ ՀՀ նախագահի, «մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով»:

Հայաստանի նախագահին պետք է «հիշեցնել», որ մենք չենք սկսել մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով: Այդ Ադրբեջանն է ՍՍՀՄ իշխանության աջակցությամբ անցել պատերազմական լուծումների, որին Արցախը՝ Հայաստանի աջակցությամբ, բնականաբար, արձագանքել է ինքնապաշտպանությամբ:

Հարգելի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևեք ձեր բառերին, ձևակերպումներին, անկախ՝ ինչ ամբիոնից կհնչեն դրանք: Եթե չկա դրանց հետևելու ժամանակը, պարզապես լռելու ժամանակ գտեք»: