«Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել է, ինչո՞ւ էր 2018թ. մեր կառավարությունը որոշում ընդունում մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել 90-ականների փախստականների կարիքներն ապահովելու համար,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահի վերջին հայտարարությանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա առավել ևս, իրականությունից կտրված է։ Պրոբլեմն այդ չէ։ Պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել։ Հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, այդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ. քաղաքական սպանությունների շքերթից սկսած, փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակված։ Ի՞նչ կարող եմ ասել»,- նշել է նա։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նաև նշել է, որ Տեր-Պետրոսյանը 2008-ին էլ է իրականության զգացումը կորցրած եղել. «Դրա համար տնից դուրս չեկավ, իր համախոհներին հարցերը չհասցեագրեց»։