Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը լրատվամիջոցներից մեկին տրված հարցարզրույցում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքի անվան վերաբերյալ բարձրաձայնել էր մի շարք հարցադրումներ։ Իբրև դասագրքի համահեղինակ պատասխանելով նրան՝ ստորև մի շարք դիտարկումներով կներկայացնենք մեր մեկնաբանություններն ու պարզաբանումները այդ և հարակից հարցերի վերաբերյալ․
1․ Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքս․ ոչ մի կուսակցության համակիր, հարող կամ անդամ չեմ և չեմ եղել։ Համոզված եմ, որ պատմաբանը պետք է զգալի հեռավորություն պահպանի բոլոր քաղաքական ուժերից։ Ընդհանրապես որևէ մեկի կամ կազմակերպության ու կառույցի հետ հետ չունեմ այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են քաղաքական առումով ազդել իմ ուսումնասիրությունների արդյունքների վրա, կաշկանդել ազատությունս։
2․ Գաղափարական տեսանկյունից պատմությունը շարադրել եմ հավաքական հայության դիտանկյունից՝ ելնելով պատմագիտության սկզբունքներից և օգտագործելով պատմագիտական մի շարք մեթոդներ։ Պատմագիտությունը ինձ համար բարձր գիտություն է, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի քարոզչության կցորդ, ինչպես երկար ժամանակ ընկալվել է և որոշ շրջանակների կողմից այսօր էլ շարունակում է ընկալվել։ Հայ պատմագիտության նշված կաղապարից ազատագրումը և հանրային ընկալման փոփոխությունը համարում եմ հայաստանյան պատմաբանների կարևոր խնդիրներից մեկը։
3․ Ավելորդ շահարկումներից խուսափելու համար հայտնում եմ, որ մինչև Հայաստանի պատմության դասագրքի առարկայական չափորոշիչների հրապարակումը ես ևս ունեցել եմ մի շարք մտահոգություններ և միացել եմ իմ հարազատ՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի հայտնի հայտարարությանը՝ նիստի ժամանակ բաց հայտարարելով, որ ուսանողության տարիներից ցանկալի եմ համարել «Հայաստանի պատմություն» տարբերակը, բայց գործընթացի, բովանդակության շուրջ առկա մտահոգությունների հիմքով միանում եմ հայտարարությանը։ Այդ կապակցությամբ ներկայացրել եմ նաև դիտարկումներ։ Չափորոշիչի բովանդակության հրապարակումը չեզոքացրել է առկա մտահոգությունները։ Ընդհանրապես երկու տարբերակներին էլ դրական եմ վերաբերվում, բայց ավելի ցանկալի եմ համարում «Հայաստանի պատմություն» տարբերակը, այսինքն՝ տարբերակներից ոչ մեկում չեմ տեսնում առանցքային կամ սկզբունքային նշանակություն ունեցող խնդիր։
4. Գործընթացի մասին․ դասագրքի մրցույթը ի սկզբանե հայտարարվել է «Հայոց պատմություն» անվամբ, մեր հեղինակային խումբը դիմել է մրցույթին, բայց ըստ երևույթին անվան ու մի քանի ոչ էական դիտողությունների պատճառով դասագիրքը մերժվել է։ Չնայած համաձայնության եզրեր գտնելու հնարավորությանը՝ բողոքարկումը ևս արդյունք չի տվել։ «Հայաստանի պատմություն» անվամբ հայտարարվել է նոր մրցույթ։ Մրցույթից առաջ և հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում հեղինակային խմբի անդամների մոտ սկզբունքային առարկությունների բացակայության պայմաններում ընդունվել է որոշում դիմել նոր մրցույթին, թեև խմբում եղել են պատմաբաններ, ովքեր ավելի նախընտրելի են համարել «Հայոց պատմություն» տարբերակը։
5. Հարցի քաղաքականացվածությունը։ Այսօր «Հայաստանի պատմություն» հարցը ավելի քաղաքական է, քան գիտական։ Իհարկե, հարցում առկա է գիտական շերտը, որին ստորև կանդրադառնանք, բայց մեր օրերում հարցը տեղակայվել է Հայաստանի քաղաքական ուժերի դիմակայության համատեքստում։ Կարծում ենք՝ քաղաքական այլ պայմաններում ու մթնոլորտում խնդիրը այսպիսի հնչեղություն չէր ստանա։
6. Հիմա, ըստ էության․ «Հայոց» և «Հայաստան» անվանումներն էլ մեր համար նվիրական են և տեղին չէ գիտակցաբար, թե անգիտակցաբար «Հայաստան» անվան շուրջ բացասական մթնոլորտի, էներգետիկայի ձևավորումը։ Որևէ քաղաքական շահ չարժի «Հայոց» ու «Հայաստան» անվանումների արհեստական հակադրություն ձևավորելու համար։ Չպետք է մոռանալ, որ մեր նախնիները դարերով երազել ու պայքարել են հենց Հայաստանի վերականգնման, «Հայաստան» անունը հնչելի դարձնելու համար։
7. Խնդրո առարկայում առանցքայինը ոչ թե դասագրքի անվանումն է, այլ բովանդակությունը։ Այսինքն՝ կարևորն այն չէ, թե դասագրքի անվանումը կլինի հայոց կամ Հայաստանի պատմություն, կարևորն այն է, թե այն ինչպիսի բովանդակություն կունենա։ Ներկայումս դասագրքի բովանդակության ուղենիշերը արտացոլված են առարկայական չափորոշիչներում։ Իհարկե, այն ևս ունի խնդիրներ, բայց հույս ունենք, որ հետագայում ավելի կբարելավվի։
8. Քննադատների (a) հիմնական փաստարկն այն է, որ «Հայոց»-ը միջնադարում նշանակել է և՛ հայերին վերաբերող և՛ Հայաստան, իսկ «Հայաստան» անունը ընդգրկում ու սահմանափակվում է սոսկ Հայաստանով․ ո՛չ Կիլիկյան Հայաստանը, ո՛չ գաղթավայրերը, ո՛չ Սփյուռքը և այլն։ Կարծում եմ՝ այս մոտեցումը առնվազն խորը մոլորություն է, քանի որ և՛ Կիլիկիայի հայկական պետությունը և՛ գաղթավայրերը, և՛ Սփյուռքը ձևավորվել են գլխավորապես Հայաստանում ու նրա պետականակիր տարրի հետ տեղի ունեցած գործընթացների հետևանքով։ Դրանք բոլորն էլ սերտորեն փոխկապակցված, փոխներթափանցված պատմական գործընթացներ են, ուստի անտրամաբանական կլինի աշխարհագրական սահմանների պատճառաբանությամբ դրանց չուսումնասիրումն ու ներկայացումը։ Հայաստանին ու հայերին վերաբերող պատմական գործընթացների միջև արհեստական անջրպետի ստեղծումը հակագիտական է։ Մեր խորին համոզմամբ Հայաստանի պատմությունը չի բացառում կամ արգելում նրա գլխավոր էթնիկ տարրի՝ դեգերումների գործունեությանը, ստեղծած մշակութային ժառանգության ուսումնասիրությունն ու ներկայացումը․ դրանք օրգանապես փոխկապակցված են։
9. Գրաբարյան ձևերը նշելիս չպետք է մոռանալ, որ մեր օրերում «հայոց»-ով ստեղծված գրեթե բոլոր բառակապակցությունները ընկալվում են որպես հայերի, այլ ոչ թե Հայաստանի։ Այսինքն՝ կարևոր չէ, թե այն գրաբարում ինչ նշանակություն կամ ընկալում է ունեցել, կարևոր է այն, թե այսօր այն ինչպես է ընկալվում։
10. Այո՛, 5-րդ դարում ձևավորվել և հետագայում օգտագործվել է «Հայոց պատմություն» անվան կիրառման ավանդույթը, բայց այն ձևավորվել է մի շարք տարածքներից զրկված, մարզպանության վերածված պայմաններում։ Այս հանգամանքը անտեսելը տեղին չէ։ Կարծում եմ, որ ավելի երկարատև, հզոր ու կայուն պետություն ունենալու դեպքում մեր նախնիները կշեշտադրեին իրենց պետության, կառույցի անվանումը։ Պետք չէ մոռանալ, որ համաշխարհային պատմության մեջ գրեթե բոլոր հզոր կամ պատկառելի ուժ ունեցող պետությունները առաջ են մղել իրենց պետության անվանումները, այդ թվում՝ իրենց պատմությունները գրելիս։
11. Գրեթե բոլորը (հակառակի մասին տեղեկություններ չունեմ) ընդունում են, որ օտար լեզուներով հայոց պատմությունը թարգմանվում է «Հայաստանի պատմություն» (b) ձևով: Բայց եթե կարծիք կա, որ Հայաստանի պատմության դեպքում գիտականորեն խնդրահարույց է Կիլիկիայի, գաղթավայրերի, Սփյուռքի պատմությանը անդրադառնալը, ապա ինչու մինչ օրս Հայաստանի պատմության օտարալեզու գրքերում ծանոթագրություններ չեն զետեղվել և պարզաբանվել, թե ինչու են «История Армении»-ում կամ «History of Armenia»-ում անդրադարձել Կիլիկիայի պետության, գաղթավայրերի և Սփյուռքի պատմությանը։ Արդյոք որևէ մեկը չի մտածել, որ օտար լեզվով ընթերցողների մոտ կարող են նման գիտական բնույթի հարցեր առաջանալ կամ նրանք դա սխալ կընկալեն։ Կարծում եմ՝ իրականում մինչև հարցի քաղաքականացումը, այդ հարցում որևէ մեկը էական խնդիր չի էլ տեսել։
12. Երբևէ չեմ տեսել կամ լսել, որ որևէ մեկը երջանկահիշատակ Բ․Հարությունյանի դպրոցների համար նախատեսված «Հայաստանի պատմության ատլաս»-ի (հեղինակ՝ Բ. Հարությունյան, Ատլասի քարտեզների կազմողական և ձևավորման աշխատանքներ Վ. Մխիթարյան, գրախոսներ՝ Վ. Բարխուդարյան, Պ. Մուրադյան, (Ա մաս), Ե․, 2005, (Բ մաս), Ե․, 2008, (Գ, մաս), Ե․, 2012) կապակցությամբ ափսոսանք կամ վրդովմունք արտահայտի, թե ինչու է դրանցում նա անդրադարձել Կիլիկիային պետությանը, գաղթավայրերին, Սփյուռքին, Իսրայել Օրուն, Հ․ Էմինին և այլն։ Չէ որ ներկայացվող տրամաբանությամբ նա Հայաստանի սահմաններից չպետք է անցներ (c): Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև նրա «Հայաստանի ազգային ատլաս» (հ. Բ, Ե., 2008, պատասխանատու խմբագիր՝ Բ. Հարությունյան): Այն թեև կոչվում է ազգային, իրականում Հայաստանի պատմության դպրոցական ատլասի ավելի ընդգրկուն ու խորը գիտական տարբերակն է (d): Չէ որ մի շարք անձինք ներառված են եղել խմբագրական խորհուրդներում, մասնակցել են քարտեզների ստեղծմանը, քննարկումներին, երաշխավորմանը։ Կարծում ենք՝ իրականում քաղաքական պայմաններն են այլ եղել։
13. Երբևէ չեմ տեսել կամ լսել, որ որևէ մեկը ափսոսանք կամ վրդովմունք արտահայտի Մհեր Կարապետյանի (երկրորդ ձեռնարկը Է․ Գևորգյանի համահեղինակությամբ) կողմից որպես բուհական ուսումնական ձեռնարկ ստեղծված և ԿԳՆ կողմից 2003 թ․ ու 2007 թթ․ երաշխավորված «Հայաստանը 1912-1920» և «Խորհրդային Հայաստանը 1920-1991 թթ.» (e): գրքերի կապակցությամբ։ Չէ որ առաջինում Հայոց ցեղասպանությունը, Բաքվի դեպքերը ներկայացնելիս նա դուրս է եկել Հայաստանի սահմաններից, չէ որ Խորհրդային Հայաստանի պատմությունը ներկայացնելիս նրանք անդրադարձել են և՛ Սփյուռքին, և՛ սփյուռքահայերի մշակույթին (f): Քանի ձեռքով ու աչքով են անցել այս բուհական ձեռնարկները։
14. Հորդորում եմ գիտական ճշգրտությունից խոսել սիրողներին բացել, թերթել մեր ուսումնասիրությունները, դասագրքերը, քանի տեղ է, որ «Հայաստան» քաղաքական, վարչական միավորի բացակայության պայմաններում կիրառվում է «Հայաստան» անունը։ Արդյոք այդտեղ գիտական խնդիր կա, թե ոչ։
15. Իսկ հարց տվել եք ձեզ, թե մեր օրերում Իսրայելում նրա պատմությանը նվիրված ուսումնասիրություններում, մասամբ նաև դասագրքերում Իսրայելի սահմաններից դուրս գալիս են, թե ոչ նույնը հույները, նախկին գաղութային տերությունները։
16. Չպետք է մոռանալ Ն․ Ադոնցի «Հայաստանի պատմության» մասին, որը հայերեն թարգմանելիս այն չեն մտածել հայկականացնելով «Հայոց պատմություն» անվանել։
17. Չպետք է մոռանալ, որ հայոց պետականության վերականգնումից հետո առաջին անգամ 1925 թ․ հայոց պատմության համակարգված ուսումնասիրության (ձեռնարկի) ստեղծման հարցը քննարկելիս մեր ականավոր պատմաբանները որոշել են այն անվանել «Հայաստանի պատմություն» (1925 թ. հունիսի 11-ին Աշոտ Հովհաննիսյանի առաջարկով և մասնակցությամբ Հակոբ Մանանդյանի, Լեոյի, Դավիթ Անանունի, Ստեփան Լիսիցյանի, Թադևոս Ավդալբեգյանի և Աստվածատուր Խաչատրյանի մասնակցությամբ տեղի է ունենում հայոց պատմության ուսումնասիրության և աշխատության հրատարակության մասնագետների ժողով: Որոշվում է հավաքական ուսումնասիրությունը կոչել «Հայաստանի պատմություն»: Այս հարցում միայն Լեոն է կարծիք հայտնում, որ այն պետք է անվանվի «Հայոց պատմություն», այլ ոչ թե «Հայաստանի պատմություն»: Նրա կարծիքով՝ աշխատության մեջ պետք էր ներառել թե՛ Հայաստանի, թե՛ զանազան հայ գաղութների պատմությունը (g): Մնացածը կարծում էին, որ «Հայաստանի պատմության» մեջ բազմաթիվ հայ գաղութների պատմությունը ուշադրության է առնվելու միայն այն չափով, ինչ չափով, որ այդ գաղութները իրենց տնտեսական ու կուլտուրական կյանքով կապված են եղել բուն երկրի ժողովրդի հետ և իրենց քաղաքական ձգտումներով ևս հիմք են ընդունել բուն երկրի վերակենդանացումը (h): Երկու օր անց՝ հունիսի 13-ի նիստում նրանք վավերացրել են նախորդ նիստի արձանագրությունը և այստեղ Լեոն մյուս գործընկերների հետ համատեղ լծվել է Հայաստանի պատմության պարբերացման հարցի քննարկմանը (i): Ամփոփելով վերոներկայացվածը՝ ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ հայոց պետականության վերականգնումից հետո առաջին անգամ հայոց պատմության համակարգված ուսումնասիրության ստեղծման հարցը բարձրացրել է մասնագիտությամբ պատմաբան, ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցել են մի շարք հայ ականավոր պատմաբաններ և որոշել են հայոց պատմության համակարգված ուսումնասիրությունը «Հայոց պատմության» փոխարեն անվանել «Հայաստանի պատմություն»: Պատմաբան Լեոյի առարկությունը սկզբունքային նշանակություն չի ունեցել, հաղթահարվել և որոշումից բխել է, որ Հայաստանի պատմության մեջ պետք է անդրադառնալ հայկական գաղութների պատմությանը: Ըստ երևույթին, միայն բոլշևիկյան իշխանությունների միջամտությամբ է այդ անունը փոխվել ու դարձել այն էլ ոչ հայոց այլ դասակարգային բովանդակությամբ՝ հայ ժողովրդի։ Ավելին՝ բոլշևիկները չհանդուրժելով «Հայաստան» անունը՝ հաջորդ տասնամյակում հայտնի սահմանադրությամբ այն ջնջել են անգամ պետության վրայից՝ վերանվանակոչելով Հայկական ՍՍՀ։ Այդպիսով նրանք փորձում էին պետության խորհրդանիշ հանդիսացող անունը հայերի գիտակցության մեջ ջնջել և հայերի «նացիոնալիզմին սնունդ չտալ»։
18. Քաղաքական նկատառումներով գիտակցաբար, թե անգիտակցաբար «Հայաստան» անվան դեմ բացասական երանգավորում ունեցող խոսույթ ձևավորելիս հիշե՛ք, որ «Հայաստան» անվան դեմ գործել են Օսմանյան կայսրությունում, ցարական փուլի Ռուսաստանում, Խորհրդային Միությունում։
19․ Եվ վերջապես, հույս ունեմ, որ վերը ներկայացված մեր փաստարկումներին ու դիտարկումներին ծանոթանալուց հետո քաղաքական ուժերը կդադարեցնեն շարժումը, ազդակներ կուղարկեն դադարեցնելու կամ գոնե կնպաստեն այս հարցը գիտական այլակարծությունների հուն տեղափոխելու գործին։
- (a) Նշեմ, որ որոշ ժամանակ ես ևս այս փաստարկը ընդունել եմ։
- (b) Մի կողմ թողնենք հարցի լեզվաբանական կողմը։
- (c) Ստորև ներկայացված են Հայաստանի պատմության սահմաններից դուրս գործընթացները ներկայացնող քարտեզների վերնագրերը․ Մերձավոր Արևելքը և Կիլիկյան Հայաստանը Խաչակրաց արշավանքների շրջանում, Կիլիկիայի հայկական պետությունը և հաջորդաբար բոլոր թեմաները մինչև թագավորության անկումը, Իսրայել Օրու և Հ. Էմինի ազատագրական գործունեությունը, Զեյթունի 1862 թ. ապստամբությունը, Հայ-թաթարական 1905-1906 թթ. ընդհարումները, Ադանայի ու Կիլիկիայի հայության կոտորածները, Հայոց Մեծ եղեռնը, Մուսա լեռան 40 օրը, Հայկական գաղթավայրերը, Բաքվի կոմունան, Կիլիկիան, Կիլիկիայի հայությունն ու մուսալեռցիները 1919-1921 թթ., Արևելյան լեգեոնի մարտական գործողություններն ու Արարայի ճակատամարտը, հայկական Սփյուռքի ձևավորումը, տե՛ս Հայաստանի պատմության ատլաս, Բ. Հարությունյան, (Ա մաս), 2005, էջ 74-77, (Բ մաս), էջ 12-13, 16-17, 38-39, 67-68, 74-75, 88-89, 2008, (Գ, մաս), 2012, էջ 12, 28-33:
- (d) Այստեղ ևս ներառված են հետևյալ թեմատիկ քարտեզները. Կիլիկիայի հայկական պետությունը, Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը, Զեյթունի 1862 թ. ապստամբությունը, Արևմտահայության կոտորածները 19-րդ դ. 90-ական թթ., Հայկական գաղթավայրերը և Սփյուռքը, տե՛ս Հայաստանի ազգային ատլաս, հ. Բ, պատասխանատու խմբագիր՝ Բ. Հարությունյան, Ե., 2008, էջ 45-47, 59, 63, 76-77,88, 94, 193-213:
- (e) Կարապետյան Մ., Հայաստանը 1912-1920 թվականներին: Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Ե., 2003, 400 էջ: Ձեռնարկը ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորվել է՝ որպես բուհական ուսումնական ձեռնարկ: Հրատարակության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից: Խմբագիր՝ Վ. Դիլոյան: Այստեղ անդրադարձ կա Հայաստանի սահմաններից դուրս գտնվող գործընթացներին՝ Հայերի բնաջնջումը աքսորավայրերում, Մուսա լեռան հերոսամարտը, Իրադարձությունները Բաքվում, տե՛ս նշվ․ աշխ․, էջեր էջ 78-80, 147-154, 207-213:
- (f) Կարապետյան Մ., Գևորգյան Է., Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին: Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Ե., 2007, 448 էջ: Ձեռնարկը ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորվել է՝ որպես բուհական ուսումնական ձեռնարկ: Հրատարակության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների կողմից: Այս ձեռնարկում Խորհրդային Հայաստանը 1921-1940 թվականներին բաժնի վեցերորդ թեման վերնագրված է Հայկական Սփյուռքը 1920-1940 թթ.: Ութերորդ բաժինը վերնագրված է Սփյուռքահայ մշակույթը հետպատերազմյան ժամանակաշրջանում: Տե՛ս նշվ․ աշխ․, 234-251, 426-434։
- (g) Հակոբ Մանանդյանի թղթերից, հրապարակեց Պ. Հովհաննիսյանը, «Բանբեր Հայաստանի արխիվների», Ե., 1990, թիվ 2, էջ 128‒130:
- (h) Նույն տեղում։
- (i) Նույն տեղում, էջ 130:
Վահագն Հակոբյան
12․08․2025 թ․