Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ լրագրող գործընկերներ, ի հավելումն նախորդ գրառմանս, եւս մեկ անգամ հայտնում եմ, որ Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։
Եվս մեկ անգամ խնդրում եւ հորդորում եմ, սիրելի՛ գործընկերներ, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։