Հասարակություն

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ տեխնիկական վերազինման և առավել արտադրողական գործելակարգերի կիրառման միջոցով։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նկատվող որակական փոփոխությունները ամուր հիմք կապահովեն ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու և դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու տեսանկյունից։

Անդրադառնալով Կառավարության՝ կապիտալ շինարարության ծավալները ընդլայնելու հաստատակամությանը՝ փոխվարչապետը վերահաստատել է, որ որակյալ աշխատանքը և աշխատանքի պատշաճ արագությունը շարունակելու են ներկայանալ որպես իրականացվող կապիտալ ծրագրերին մասնակցելու հիմնական նախապայմաններ։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: