Հասարակություն

Իտալիայի դեսպանի հետ պայմանավորվել են փորձի փոխանակման շուրջ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: 

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին, քրեական վարույթներով ցուցաբերվող իրավական օգնությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մի շարք դեպքերով իրավական փոխօգնության շրջանակներում ստացված հարցումներն էական նշանակություն են ունեցել հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը լուծելու համար:

Կողմերը քննարկել են փորձաքննությունների և տեխնոլոգիական միջոցների կիրառման ոլորտում փորձի փոխանակման, քննիչների համատեղ մասնագիտական վերապատրաստումների, փոխայցելությունների հնարավորությունները:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ կապերն առավել ընդլայնելու, սերտ համագործակցություն ապահովելու և փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: