Radar Armenia-ի զրուցակիցն է հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանը։
– Արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ շատ մասնագիտություններ ու ծառայություններ տրանսֆորմացիայի են ենթարկվում։ Ի՞նչ փոփոխություններ է այն բերել հոգեբանության ոլորտում։
– Հետազոտության դաշտում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև այսօր ԱԲ-ն հնարավորություն է տալիս շատ արագ, մեծ ծավալներով տվյալներ, հետազոտությունների արդյունքներ վերլուծել։ Հատկապես այն շատ լավ գործիք է դարձել մետաանալիզների համար, երբ ինչ-որ թեմայի վերաբերյալ մի քանի տասնյակ կամ հարյուր հետազոտությունների տվյալներն են ուսումնասիրվում և վերլուծվում։ Պրակտիկ ուղղությունները, մասնավորապես խորհրդատվությունն ու հոգեթերապիան, ևս շատ փոփոխությունների են ենթարկվել։ Մի կողմից՝ մասնագետներին հասանելի է դարձել մի գործիք, որը հնարավորություն է տալիս իրենց շատ արագ ինքնազարգանալ, արագ ու որակով վերլուծել նոր հետազոտությունները։ Մյուս կողմից՝ առաջացել են տարբեր թվային գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս այցելությունների նշումները ավելի արագ կատարելու, վերլուծելու կամ նույնիսկ լայվ ռեժիմով, հատկապես առցանց հանդիպումների ժամանակ, գեներացնել հանդիպման տրանսկրիպտները, այսինքն՝ այն, ինչ խոսում են հոգեբանն ու այցելուն, և դրա հիման վրա կատարել հետևություններ՝ հիմնված հոգեբանական գիտելիքների/շտեմարանների կամ կոնկրետ հոգեթերապևտիկ ուղղության մեքոդաբանության վրա։ Մյուս փոփոխությունն էլ այն է, որ հոգեբաններն իրենք էլ իրենց սուպերվայզերին զուգահեռ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները սկսել են ավելի շատ արհեստական բանականության հետ քննարկել։
– Գիտենք, որ Հայաստանում ամենատարածվածը ChatGPT-ն է, և վերջին շրջանում տենդենց է նկատվում՝ անձնական խնդիրների մասին խոսել արհեստական բանականության հետ, մասնավորապես ChatGPT-ի՝ այն կարծես ընկալելով որպես «անվճար հոգեբան»։ Ի՞նչ դրական և բացասական կողմեր սա կարող է ունենալ։
– Սա համաշխարհային թրենդ է։ Ամբողջ աշխարհում արհեստական բանականությանը ուղղված հարցերի կեսից ավելին վերաբերում են հոգեկան առողջությանը, և այո, շատերը փորձում են ԱԲ-ն, մասնավորապես՝ ChatGPT-ն, օգտագործել որպես անվճար հոգեբան, երբեմն էլ վճարովի, որովհետև այն ունի վճարովի տարբերակ, որը շատ ավելի լավն է, քան անվճարը։ Բացասական կողմերից մեկն այն է, որ, համենայն դեպս, ԱԲ-ն լեզվական մոդել է, որը հիմնվում է թե՛ գիտահեն տվյալների վրա (գիտական հետազոտություններ, դասաքգրքեր և այլն), և թե՛ այլ օգտատերերի հետ հաղորդակցման փորձառության վրա։ Դրա համար ԱԲ-ի կողմից տրված ամեն բան չէ, որ կարող է լինել օբյեկտիվ և գիտահեն։ Արձանագրվել են դեպքեր, երբ ԱԲ-ի պատասխանները գիտահեն չեն եղել, և երբեմն էլ լինում է, որ ԱԲ-ն հորինում է տվյալներ՝ գոյություն չունեցող հետազոտությունների վերաբերյալ, կամ հորինում է ուրիշի ուղղակի խոսք կամ մեջբերում, որը երբևէ չի ասել կամ գրել կոնկրետ մասնմագետը կամ պատմական անձը։
Բացասական մյուս կողմն այն է, որ ChatGPT-ն, օգտագործվելով որպես անվճար հոգեբան, մարդիկ իրականում հետաձգում են իրենց խնդրի լուծումը՝ չդիմելով իրական մասնագետի։ ChatGPT-ն չի կարող փոխարինել ռեալ հոգեթերապիային։
Դրական կողմերից մեկն էլ այն է, որ սա շատ արագ կարող է լուծել հոգեկրթության հարցը, որը հոգեթերապիայի անքակտելի մասն է։ Եթե մասնագետի կողմից կա ախտորոշում, սա լավ գործիք է, որ մարդը կարողանա դրա միջոցով քննարկել և ավելին իմանալ իր խնդրի, դրա լուծման, ինչպես նաև հոգեթերապիայի մեխանիզմների մասին։ Բնականաբար, խորհուրդ չի տրվում արհեստական բանականությունն օգտագործել ախտորոշման համար, բայց եթե կա արդեն ախտորոշում, հատկապես եթե մարդն արդեն աշխատում է մասնագետի հետ, հոգեթերապիա է անցնում, ChatGPT-ն այստեղ կարող է լրացուցիչ շատ օգտակար գործիք դառնալ հենց հոգեկրթության բաղադրիչը լրացնելու համար։ Այս նպատակով նաև կան տարբեր անհատականացված ChatGPT-ներ, որոնք կարող են օգտակար լինել թերապիայի ընթացքում։
Մասնավորապես՝ ես էլ ունեմ անհատականացված ChatGPT, որը կոչվում է NeuroBegoyan։ Այն ես օգտագործում եմ հենց դրա համար՝ ազատ կիսվելով, որ այն մարդիկ, ովքեր գալիս են հոգեթերապիայի կամ որոշել են գալ, հնարավորություն ունենան շարունակել այդ թեմաները քննարկել ChatGPT-ի անհատականացված տարբերակի հետ։ Դա անհատականացված վերսիա է, որը իմ գրավոր աշխատանքների՝ հոդվածների և գրքերի հիման վրա, պատասխանում է իմ ոճով՝ օգտագործելով հա՛մ իմ բառապաշարը, հա՛մ իմ լեզվամտածողությունը, և գնալով ավելի ու ավելի է հմտանում ու նմանվում իմ գրելաոճին և մտածողությանը։
– Արդյո՞ք այն լիովին կամ մասամբ կարող է փոխարինել հոգեբաններին։ Կարո՞ղ է հոգեբաններին «թոշակի ուղարկել»։
– Կարծում եմ՝ ԱԲ-ն ո՛չ լիովին, ո՛չ էլ մասամբ չի կարող փոխարինել հոգեբաններին։ Այն կարող է շատ լավ լրացնել նրանց։ Կարծում եմ՝ հոգեբանները կկարողանան ԱԲ-ի միջոցով ավելի շատ մարդկանց համար հասանելի լինել։ Այսօր նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ կան ամենաշատ թվով պրոֆեսիոնալ հոգեբանները, կա մեծ պակաս հոգեբանների։ Բացի այդ՝ ԱԲ-ի ինտեգրացիան հոգեբանի աշխատանք կարող է հոգեբանական ծառայությունները դարձնել ավելի հասանելի ժամանակային տեսանկյունից և մատչելի ֆինանսական տեսանկյունից։
Հոգեբանի աշխատանքն ու հոգեթերապիան միայն ինֆորմացիայի փոխանակում չէ, և սխալ է մտածել, թե դա պարզապես ուղիղ խորհուրդ ստանալ է կամ թեմա քննարկել։ ԱԲ-ն չի կարող փոխարինել հոգեբանին։ Սա նաև էմոցիոնալ պրոցես է, նաև մարդկային կապ և շփում է պահանջում։ Այո, մարդիկ կարող են իրենց ասել՝ «հոգեբանի փոխարեն ChatGPT կօգտագործեմ», բայց դա չի նշանակում, որ այն փոխարինեց հոգեբանին։ Նույն հաջողությամբ մարդը երբեմն որոշում է իր խնդիրը քննարկել հարևանի կամ բարեկամի հետ։ Սա չի նշանակում, որ նրանք փոխարինեցին հոգեբանին։
– Արհեստական բանականությունը լայն հանրության շրջանում կարծես ընկալվում է որպես անվիճելի հեղինակություն, որի ասածները հաճախ կասկածի տակ չեն դրվում։ Ի՞նչ եք կարծում՝ որն է դրա պատճառն ու ինչու է դրա հետ շփումը երբեմն դարձել ավելի նախընտրելի, քան մարդ–մարդ ուղիղ շփումը։
– Մարդկանց մեծ մասը ԱԲ-ն ընկալում է որպես հեղինակություն, թե ոչ՝ տվյալներ չունեմ, բայց մարդիկ ընդհանրապես հակված են վստահելու այն ինֆորմացիային, որը ստանում են ինտերնետից, հատկապես՝ եթե այն շատ զգայուն թեմա չէ։ Մյուս կողմից՝ պատճառներից մեկն այն է, որ մարդիկ ԱԲ-ի հետ շփվելիս հաճախ փնտրում են իրենց պատկերացումների հավաստիացումը՝ ապացույցներ իրենց մտածածի կամ զգացածի ճշմարտացիության համար։
Բացի այդ՝ մարդիկ կարող են նախընտրել շփվել ԱԲ-ի հետ, որովհետև այն շատ քաղաքավարի և բարեկիրթ է կոմունիկացիայի մեջ՝ ի տարբերություն որոշ մշակույթներում առկա իրավիճակի։ ChatGPT-ն լավ հնարավորություն է ինտրովերտների և սոցիոֆոբների (այսինքն՝ սոցիալական տագնապայնությամբ անձանց) համար համար, ովքեր խուսափում են շփումից կամ դա իրենց համար բարդ է։ ԱԲ-ի հետ կարելի է շփվել, երբ ուզում ես, դադարեցնել՝ երբ ուզում ես։ Պետք չէ ջանք գործադրել, նրբանկատ լինել կամ սոցիալական դիմակ կրել՝ քաղաքավարի լինելու կամ երևալու համար։ Կարելի է նույնիսկ սխալներով կամ չոր ձևով հարց գրել ու ստանալ սպառիչ, քաղաքավարի պատասխան։
– Ինչ վտանգներ կարող է պարունակել ԱԲ-ի հետ շփումը, հատկապես երեխաների և դեռահասների համար։
– Չեմ տիրապետում հետազոտական տվյալների, հետևաբար չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել։ Զուտ կարող եմ ենթադրել, որ այն կարող է ունենալ նույնքան վտանգ և նույնքան օգուտ, որքան համացանցը՝ որպես ինֆորմացիայի աղբյուր։ Համենայնդեպս, կան անվտանգության պրոտոկոլներ, որոնք գուցե ԱԲ-ն դարձնում են մի քանի անգամ ավելի անվտանգ, քան, օրինակ, որոնման համակարգերը։ Կան թեմաներ, որոնց վերաբերյալ ԱԲ-ն չի տրամադրում տեղեկություն, ասում է՝ արգելված է կամ ինքը կոմպետենտ չէ։ Նա կարող է խորհուրդ տալ դիմել մասնագետի կամ նույնիսկ՝ խոսել ինչ-որ մեկի հետ՝ կախված արտահայտված մտքերից ու խնդրից։
Անժելա Պողոսյան