Հասարակություն

160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ և ոչ մի արտառոց իրավախախտում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սեւանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։

Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ:

Ներառյալ Սեւանի վրա եւ ափերին Ջրային պարեկային ծառայությունը, որի նման որեւէ ծառայություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել։

160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլեւս տիրապետող դեր չունեն մեր երկրում եւ չեն կարող խաթարել դրական մթնոլորտը։

Այս համատեքստում, իհարկե, էական է նաեւ ԱԱԾ–ի չերեւացող, բայց կարեւոր ծառայությունը հանրային անվտանգության ապահովման գործում։

Եւ ահա արդյունքը՝ 160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ եւ ոչ մի արտառոց իրավախախտում։

Հ․Գ․ Սրան գումարենք նաեւ Փրկարար ծառայության ներկայության նոր որակը Սեւանի լողափերում։ Ջրահեղձության երկու ցավալի դեպք ունեցանք, որոնցից մեկը տեղի ունեցավ Լոռու, մյուսը Արարատի մարզի լողալու համար չնախատեսված վայրերում»։