Հասարակություն

Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայցում

Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ,

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։

Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։

Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»։

Նշենք, որ տեղի ունեցածը քննադատության առիթ է հանդիսացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Вор должен сидеть в тюрьме а не фонтанами баловаться»։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշել է. «Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել: Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել: Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»: