Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը. «Գազպրոմ»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։

«Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։