Պոլիտեխիկական համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղով։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Տիգրան Ավինյանը։
«Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոն էր:
Որպես Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուզում եմ ընդգծել, որ համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղով։ Մենք կարողացել ենք ձևավորել կրթական, գիտական և տեխնոլոգիական այնպիսի միջավայր, որտեղ մեր ուսանողները ստանում են ոչ միայն ժամանակակից գիտելիք, այլև գործնական հմտություններ և ինքնավստահություն։
Վերջին տարիների ընթացքում մենք բարելավել ենք ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ներդրել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։ Արդյունքում՝ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող է իր գիտելիքը վերածել արդյունքի։
Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ դուք կգտնեք ձեր տեղը կյանքում՝ ոչ միայն որպես մասնագետներ, այլ նաև որպես ստեղծող ու պատասխանատու քաղաքացիներ»։