Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝
- ժամանակավոր կացության քարտ
- մշտական կացության քարտ
- հատուկ անձնագիր
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
Անհրաժեշտ քայլեր
Անձնագրով, կացության կարգավիճակի քարտով կա՛մ հատուկ անձնագրով, կա՛մ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքով մեկ անգամ անհրաժեշտ է մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։
Այն օտարերկրացիները, որոնք 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ ստացել են կացության քարտ կա՛մ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ և ստացել են էլեկտրոնային նամակ (բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության վերաբերյալ), հնարավորություն ունեն Ծառայություն չայցելելու։
Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ և ձեռք բերել բջջային ID SIM քարտ (mID)՝ պարտադիր ներկայացնելով ստորև նշված փաստաթղթերը՝
- վավեր կացության փաստաթուղթ
- անձը հաստատող փաստաթուղթ
- հանրային ծառայության համարանիշ։
Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։ Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։
Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից օգտվելու համար պետք է կատարել տարեկան 3000 ՀՀ դրամ վճարում, որի պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։