Հասարակություն

Նախարարը կարևորել է արդյունաբերական ներդրումների դերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 21-ին այցելել է տնտեսապես բարդ արտադրանք թողարկող «Thermorex» ընկերություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Անտոնյանի հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին։

«Thermorex»-ը հիմնադրվել է 1987 թվականին և մասնագիտացած է ջերմակարգավորիչների (բիմետալիկ թերմոստատների), ջերմասահմանափակիչների արտադրության մեջ։

Ընկերության արտադրանքը լայնորեն կիրառվում է կենցաղային տեխնիկայի, ավտոմոբիլային և էլեկտրոնային արդյունաբերության, ճարտարագիտության, երկաթուղային ենթակառուցվածքների ու աերոտիեզերական ոլորտներում։

Բիմետալիկ թերմոստատները մեծ ծավալներով արտահանվում են 50-ից ավելի երկրներ, այդ թվում ԵՄ, ՌԴ, Ճապոնիա, Չինաստան և ԱՄՆ։ «Thermorex»-ը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ, ինչպիսիք են՝ «General Motors»-ը, «Kawasaki»-ին, «Land Rover»-ը, «Jaguarո-ը, «Vestas»-ը, «Knorr Bremse»-ն և այլն։

Այս պահին ընկերությունում աշխատում է շուրջ 230 մասնագետ, իսկ տարեկան արտադրողականությունը հասնում է 5 միլիոն միավորի։ «Thermorex»-ի նպատակն է արտադրական ծավալների հետագա աճը։ Ընկերությունն ունի մի շարք միջազգային սերտիֆիկացումներ, այդ թվում՝ VDE, UL, CSA և այլն։

Նախարար Պապոյանը կարևորել է ընկերության կողմից իրականացվող արդյունաբերական ներդրումների դերը և ընդգծել պետության կողմից տրամադրվող աջակցության շարունակականությունը՝ հայկական արտադրության ներուժը առավելագույնս կիրառելու և արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ։