Հասարակություն

Վրաերթ՝ Արարատի մարզում․ 9-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։