Հասարակություն

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20․54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը:

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները և Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 36-ամյա երիտասարդին Սայաթ-Նովայի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: