Հասարակություն

Երեխան խաղալիս մոլորվել է․ նոր մանրամասներ

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխայի վերաբերյալ այս պահին հայտնի որոշ մանրամասներ է ներկայացրել։

Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։
Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։

Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին՝ քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։