Հասարակություն

Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհահատվածի ցուցանակի մոտ հայտնաբերվել են 1 հրացան, 2 ատրճանակ, 9 նռնակ, 4 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 623 փամփուշտ:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։