Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, արտասվում է։ Փաստանջյանն ուղիղ եթերում նշել էր, որ կինն ունի 3 երեխա, որոնցից ամենափոքրը 8 ամսեկան է։ Փոստանջյանը նշել էր, որ նա հարցաքննվել է որպես վկա, այնուհետև դարձել է մեղադրյալ։ Նա կալանավորվել է խափանման միջոց բացակայելու արգելքը խախտելու համար և մեղադրվում է ապօրինի միգրացիային օժանդակելու գործով։
Մեկնաբանության համար Radar Armenia-ն դիմեց Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիաննա Ռաֆայելյանին, որն էլ տեղեկացրեց․
«Զարուհի Փոստանջյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում հրապարակած երկու տեսագրությունների հարցով դիմել են դատարան, որին ի պատասխան հայտնել են, որ Փոստանջյանը հայցել է, բայց չի ստացել տեսանկարահանում և հեռարձակում կատարելու վերաբերյալ թույլտվություն։
Փոստանջյանը թաքցրել է հեռարձակման փաստը՝ նշելով, որ միայն ձայնագրում է հետագայում որպես պաշտպան օգտագործելու համար։ Այնուհետև դատավորը կազմի միջոցով պարզել է, որ Փոստանջյանն այդ պահին իր ֆեյսբուքյան էջով հեռարձակում է նիստը։ Դատավորը Փոստանջյանին տուգանել է 80.000 դրամով և արգելել հեռարձակումը։ Փոստանջյանը դադարեցրել է այն ժամանակավորապես և նիստի ավարտից անմիջապես հետո նորից առանց համապատասխան թույլտվության վերսկսել ուղիղ հեռարձակումը։ Ի դեպ, նիստի ավարտից հետո դատարանի տարածքում տեսանկարահանումն իրականացվում է միայն դատարանի նախագահի գրավոր թույլտվությամբ:
Ինչ վերաբերում է խափանման միջոցին, դատարանից հայտնեցին, որ ի սկզբանե մեղադրյալ Լ․ Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերին, հրաժարվել է նաև հանրային պաշտպանից և չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, ինչպես նաև չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին»։