ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության վերարտադրության մասնագետ, Արհեստական սերմնավորման վերապատրաստման դպրոցի տնօրեն Քևին Բուսքեթին, որը Հայաստան է ժամանել «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանում արհեստական սերմնավորման ոլորտի զարգացման հնարավորությունները դիտարկելու և քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
World Wide Sires կազմակերպությունն զբաղվում է տոհմային ցլերից սերմնահեղուկի ստացումով և իրացմամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: 2004 թվականից սկսած World Wide Sires կազմակերպությունը, համագործակցելով CARD հիմնադրամի հետ, նշանակալի դերակատարում է ունեցել ՀՀ արհեստական սերմնավորող մասնագետների վերապատրաստման և ԽԵԿ սերմնավորման տարածման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում անասնաբուծության ոլորտի ներկա վիճակին ու հետագա զարգացմանը, այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն ու կառավարության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետական օժանդակության ծրագրերի, մասնավորապես՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի իրականացումը, որի նպատակն է բարելավել ՀՀ մի շարք մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը և բարձրացնել մթերատվությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում են մասնագիտական այցեր ինչպես խոշոր ֆերմերային, այնպես էլ փոքր գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև դասընթաց արհեստական սերմնավորման, սինքրոնիզացիայի և սերմնավորման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: