Հասարակություն

ԱԺ-ն քննարկում է պատգամավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Ըստ գլխավոր դատախազի՝ Սարգսյանը, օգտագործելով իր դիրքն ու դրանով պայմանավորված հեղինակությունը, կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, ոչնչացնել կամ թաքցնել ապացույցներ, փախուստի դիմել ինչպես նաև ազդել պետական օղակում պաշտոններ զբաղեցրած անձանց վրա, այդպես խոչընդոտելով գործի քննությանը։ Ըստ նրա, Սարգսյանի ակտիվ դերակատարությունը նախապատրաստված հանցանքին, թույլ է տալիս նրա նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։

Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով. վարույթի շրջանակներում կալանավորվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր թիմակիցների հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։