Հասարակություն

Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս փոփոխությունները. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկա շաբաթներին կսկսեն իրականացվել Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ 

Նա ներկայացրեց այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Բեյրութի փողոցում մենք ինչ-որ մի կետից պետք է որոշենք՝ մենք աջ ենք գնում, թե ձախ, որովհետև մեջտեղի հատվածն արդեն միայն ավտոբուսի համար է նախատեսված։ Այդ որոշման համար մենք նախօրոք պիտի իմանանք, որ եթե աջ գիծն ընտրեցինք, առաջին երթևեկելի գիծն ընտրեցինք, մենք միայն խաչմերուկից կարողանալու ենք աջ գնալ, նախօրոք դա հիմա տեսնո՞ւմ ենք, թե՞ չենք տեսնում»։ 

«Խաչմերուկին մոտենալուց տեսնում ենք»,- պատասխանեց Հարությունյանը։ 

Ավինյանը հավելեց. «Վերևը պետք է դա հստակ երևա, կարծում եմ, որովհետև մարդը վերջում պիտի ստիպված չլինի վերադասավորվելու համար մտածել՝ ինչպես անել և հոծ գիծ խախտի»։ 

Հարությունյանը խոստացավ հարցը ևս մեկ անգամ մանրամասն դիտարկել։ 

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, թե ինչի համար են արվում այս փոփոխությունները. «Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները, և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել այդ խցանումների մեջ, բայց ուզում եմ խոսել այն մասին, թե առհասարակ ինչու են այս փոփոխություն արվում, և ինչու՝ հիմա։ Առհասարակ, ամառային այս սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից. բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն, և այո, երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար՝ իրենց միջին արագությունն ավելացնելու, առանձնացված գիծ ունենալու, միջին արագությունն ավելացնելու, ավտոմատ որոշակի խնդիրներ են ստեղծվում մեքենաների համար։ Բայց ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր փոխելով՝ մեքենաների հոսքը անդադար, առանց կանգնելու դարձնել»,- նշեց քաղաքապետը։