Հասարակություն

19-ամյա 4 երիտասարդ ավազակություն կատարելու համար ձերբակալվել է

Հունիսի 28-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Խորենացու և Բեյրութի փողոցների խաչմերուկի հարակից այգում գողացել են իր բջջային հեռախոսը, փաստաթղթերը և գումարը:

Մեկնել էին օպերատիվ խմբեր, որոնց 33-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 1․30-ի սահմաններում նշված այգում 3-4 երիտասարդ ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել պայուսակը, որի մեջ ՀՀ քաղաքացիության անձնագիրը, լիցքավորիչ, բջջային հեռախոս, 100 դոլար, դրամ և բանալիներ էին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա չորս երիտասարդ: Նրանք հուլիսի 2-ին ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն: